Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

«Արցախի անվտանգության միակ երաշխավորի կարգավիճակը դե–ֆակտո ստանձնում է ռուսական կողմը»․ Վահե Դավթյան

15:48, շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
«Արցախի անվտանգության միակ երաշխավորի կարգավիճակը դե–ֆակտո ստանձնում է ռուսական կողմը»․ Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «Արցախում խորանում է պարենային ճգնաժամը: Այժմ արդեն ակնհայտ են խմելու ջրի հետ կապված խնդիրները, որոնց լուծումն իրենց վրա է վերցրել ՌԴ խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնը: Այսօր հայտնի դարձավ, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կենտրոնը 200 տոննա խմելու ջուր է հասցրել Ստեփանակերտի ավելի քան 1,5 հազար բնակիչներին: Այսպիսով, մինչդեռ Հայաստանի պսևդո-իշխանությունները խուսափում են արտասանել «Արցախ» տեղանունը, Արցախի Հանրապետության անվտանգության միակ երաշխավորի կարգավիճակը դե-ֆակտո ստանձնում է ռուսական կողմը:
     Հաջորդ խնդիրը, որը լրջագույն ռիսկեր է ստեղծում Արցախի պարենային անվտանգության համար, ցորենի ու հացահատիկի պակասորդն է: Պատերազմի հետևանքով Արցախը կորցրեց 95 հազ. հա մշակվող հողատարածք, ինչն ուղղակիորեն անդրադարձել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների վրա: Հայաստանում ու Արցախում հացահատիկի տարեկան սպառումը կազմում է մոտ 550-600 հազ տոննա, որից 25-30%-ն արտադրվում էր հենց Արցախում: Ընդ որում՝ ցորենի ու հացահատիկի արտադրությունը հիմնականում իրականացվում էր Քաշաթաղում, Հադրութում, Ասկերանում ու Մարտակերտում, մասամբ՝ Շուշիի հարևանությամբ գտնվող հողատարածքներում: Այսպիսով, 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը կորցրեց ցորենի ու հացահատիկի արտադրության մոտ 90%-ն ու այլևս ստիպված է լինելու ապահովել ներքին պահանջարկը ներկրման ճանապարհով:
     Հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված բարդ հաղորդակցային իրավիճակը՝ արցախցիների հացի խնդրի լուծումը կրկին իր վրա պետք է վերցնի ՌԴ խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնը: Հակառակ դեպքում Արցախում տեսանելի ապագայում արդիական է դառնալու սովի խնդիրը՝ հարց, որն արդեն այսօր անհրաժեշտ է տեղափոխել միջազգային իրավունքի տիրույթ՝ հիմնվելով ՄԱԿ-ի սովի ու թերսնման վերացման համընդհանուր դեկլարացիայի, ՄԱԿ-ի սոցիալական առաջընթացի ու զարգացման դեկլարացիայի, Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների միջազգային պակտի ու այլ միջազգային փաստաթղթերի վրա»:

Աղբյուրը` Վահե Դավթյան
| | |
1331 | 1
Facebook