Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Էդվա՛րդ, համաձայնվիր արարողակարգին՝ առանց հայտարարություններ անելու». մանրամասներ՝ Նալբանդյանին ուղղված Լավրովի նամակից

15:48, ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
«Էդվա՛րդ, համաձայնվիր արարողակարգին՝ առանց հայտարարություններ անելու». մանրամասներ՝ Նալբանդյանին ուղղված Լավրովի նամակից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ «Նոր գիտելիք» կոչվող կրթական միջոցառման շրջանակներում պատասխանել է մասնակիցների հարցերին: Նրանցից մեկն արտգործնախարարին հիշեցրել է 2009թ. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված նրա նամակի մասին՝ խնդրելով մանրամասներ հայտնել. «Գրության մեջ դուք ընդամենը 6 բառ էիք գրել: Այն վերաբերում էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Այնտեղ գրված է եղել. «Էդվա՛րդ, համաձայնվիր արարողակարգին՝ առանց հայտարարություններ անելու»: Ինչպե՞ս այդ 6 բառը համոզեցին Ձեր հայ գործընկերոջը վերջ տալ դիմադրությանը»:

Սերգեյ Լավրովը նշել է, որ պետք է նաև համատեքստը ներկայացնել. «2008 թվականին մեր հայ բարեկամներն ասացին, որ թուրքերն առաջարկում են համաձայնեցնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման փաստաթղթերը: Հարցրեցինք, թե կա՞ն արդյոք որոշակի նախապայմաններ: Ո՛չ, նախապայմաններ չկան: Հետո ստորագրումը պլանավորեցինք Ցյուրիխում՝ բնականաբար, Հայաստանի, Թուրքիայի նախարարների մասնակցությամբ: Մենք պետք է այդ կարևոր իրադարձության վկաները լինեինք, սակայն ստորագրելուց առաջ մեր թուրք գործընկերներն ասացին՝ այո՛, մենք այդ ամենը կստորագրենք, բայց մենք պետք է վերապահում անենք Լեռնային Ղարաբաղի հարցով: Վերապահման տեքստը հակասում էր Հայաստանի դիրքորոշմանը: Բայց մենք հայտնվել էինք այնտեղ, որտեղ հայտնվել էինք: Արդեն բոլորը եկել են, և՝ փակուղի: Արդյունքում, թուրք գործընկերը համաձայնվեց հետ կանչել այդ պայմանը, բայց հայ գործընկերներն ասում էին, որ պետք է հայտարարություն անեն, որում Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Այդ ժամանակ թուրք նախարարն ասաց, որ եթե դուք հայտարարություն անեք, ես էլ կանեմ: Մենք նստած էինք, ֆուտբոլ էինք նայում, իսկ երկու նախարարները մինչև ուշ գիշեր վիճում էին: Արդեն հասկանում էինք, որ պետք է որևէ կերպ դուրս գանք այդ իրավիճակից, և ես նրան գրություն ուղարկեցի, որ չպնդի մեկնաբանության թեման: Եվ այդպես էլ եղավ: Արդյունքում փաստաթղթերը ստորագրվեցին, սակայն ավելի ուշ «կորան»՝ նույն պատճառով, քանի որ կողմերը տարբեր տեսակետներ ունեին ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ»:

Շարունակելով իր խոսքը՝ Լավրովը նշել է, որ իրենք պատրաստ են աջակցել Հայաստանին և Թուրքիային՝ հարաբերությունների կարգավորման գործում. «Հիմա, երբ ԼՂ-ում պատերազմն ավարտվել է և հիմքեր կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն ջանքերը՝ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»:

Հարցուպատասխանը՝ 31-րդ րոպեից
10478 | 0
Facebook