Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ». Էրդողան

18:18, կիրակի, 29 օգոստոսի, 2021 թ.
«Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ». Էրդողան

Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ վերջինիս հաշտվողական հայտարարարությունների ֆոնին, ըստ RIA-ի, հայտարարել է Էրդողանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ՝ օգոստոսի 27-ին հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից դրական ազդակներ է տեսնում՝ տարածաշրջանային խաղաղությանը միտված:

«Հայաստանի նոր իշխանությանը հաջողություն եմ մաղթում։ Մեր տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ Նույնիսկ եթե տարաձայնություններ կան, պետք է զարգացնել դրացիական հարաբերություններ` հարգելով իրար տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այդ պատճառով էլ մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,– ասել է Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում՝ վերադառնալով Սարաևո կատարած այցից հետո։

Նրա խոսքով՝ միայն խաղաղություն ապահովելուց հետո է հնարավոր տնտեսական զարգացմանն ուղղված հարցերով զբաղվել և համագործակցության համար պայմաններ ստեղծել։ Էրդողանի խոսքով` նույն ըմբռնումով Ադրբեջանն առաջարկում է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղ համաձայնության հասնելու համար։

«Նման մոտեցման շնորհիվ նոր հնարավորություններ կստեղծվեն Հարավային Կովկասի զարգացման համար։ Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ, որոնք ցանկանում են օգտագործել նման պատմական հնարավորությունը։ Օրակարգում է Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ «Հինգի պլատֆորմի» կամ «Վեցի պլատֆորմի» ստեղծման մեր առաջարկը»,– ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ առաջարկել են այդ պլատֆորմում ընդգրկել նաև Վրաստանին։ Եթե նման հարթակ կազմակերպվի, ըստ Թուրքիայի նախագահի, տարածաշրջանում շատ ավելի խաղաղ կլինի։

Ըստ Էրդողանի՝ տարածաշրջանում երկաթուղիները, մայրուղիները գործի դնելու խնդիրը պետք է հարթել, որի շնորհիվ շատ խնդիրներ կհաղթահարվեն:

9854 | 0
Facebook