Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել». Նիկոլ Փաշինյան

11:24, ուրբաթ, 27 օգոստոսի, 2021 թ.
«Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, հայտարարել է. «Ազգային ժողովում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Այս գործողությունը հակասում է 2020թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի:

Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները, իհարկե, պետք է զգոն լինեն և ուշադիր, բայց, մյուս կողմից, մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը, պիտի զարգացնենք, առաջ տանենք»:

Վարչապետի խոսքով՝ Սյունիքի ճանապարհների հետ կապված իրավիճակն անկանխատեսելի չէր. «Մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել: Սակայն Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ: Ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող: Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ: Նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալները, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի: Պատրաստ ենք նաև համատեղ հետաքննության՝ Հայաստանի, Ռուստատանի, Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»:

6017 | 4
Facebook