Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռուսական և ադրբեջանական ուժերը բախվել են Սյունիքում. ինչի՞ց է սկսել միջադեպը. «Ժողովուրդ»

09:12, ուրբաթ, 27 օգոստոսի, 2021 թ.
Ռուսական և ադրբեջանական ուժերը բախվել են Սյունիքում. ինչի՞ց է սկսել միջադեպը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդամենը օգոստոսի յոթին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոխորտում էր. «Եթե փորձեն ներթափանցել մեր տարածք, հրամայել եմ ոչնչացնել, բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները»։ Այս խոսքերից 20 օր անց ադրբեջանական կողմը երեկվանից Սյունիքում երկու կարևոր նշանակության ճանապարհ է փակել, որից մեկը՝ միջպետական՝ Հայաստան-Իրան:

Եվ մինչ խորհրդարանում ՔՊ-ական տղամարդիկ փորձում են իրենց ուժը ցույց տալ, Նիկոլ Փաշինյանն էլի նախկիններին և բոլորին մեղադրում է բոլոր հարցերում, թշնամին ավելի է հաստատվում Հայաստանում և փորձում իրականացնել Զանգեզուրյան միջանցքի ծրագիրը:

Իսկ ինչի՞ց է սկսվել միջադեպը. Բաքվի զինվորականները երեկ և այսօր փակել են այդ ճանապարհի երկու հատվածները՝ իբր ի պատասխան իրենց զինվորականների դանակահարության, ինչը ՀՀ ՊՆ-ն հերքում է: Եվ այստեղ հետաքրքիր է, որ տեղի ունեցած այդ միջադեպի մասով հակասական տեղեկություններ են առկա:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նաև ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը հայտնել է, որ տեղեկություններ կան այն մասին, որ միջադեպ է եղել ռուս և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ: Սակայն ե՛ւ այդ, ե՛ւ հայերի մասնակցությամբ որևէ միջադեպի մասով դեռ պաշտոնապես տեղեկություն առկա չէ: Ամեն դեպքում, ռուս վերլուծաբանը ևս նկատել է, որ մինչ Հայաստանի ներքին կյանքում անհանգիստ վիճակ է, Ադրբեջանը շարունակում է իրականացրել իր ծրագրերը:

«Այս իրավիճակը կարող է շարունակվել տարիներով: Անգամ եթե Ռուսաստանի մասնակցությամբ բանակցությունները հենց վաղն էլ մեկնարկեն, դրանց ավարտի համար կարող են տարիներ պահանջվել: Այդ ամբողջ տարիների ժամանակ Ադրբեջանը կհարձակվի, քանի դեռ Հայաստանը չի պահպանում իր սահմանները։ Եթե պաշտպաներ, ապա այնտեղ որևէ արդբեջանական զորք չէր լինի»,- նկատել է նա:

Խոսելով այն հանգամանքի մասին, որ հայ-իրանական սահմանն է վտանգի տակ՝ Կոլերովը նկատել է, որ վերջիններս ողջունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, և այդ մասով Իրանի վրա հույս դնել պետք չէ՝ միևնույն ժամանակ կրկին ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստ է սկսել եռակողմ բանակցություններ և հիմա էլ դրանով է զբաղված:

Մեզ մնում է արձանագրել, որ մեր հայրենիքը օրեցօր փոքրանում է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

12394 | 2
Facebook