Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

3 կուսակցություններ համատեղ բաց նամակ են ուղղել ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՄԹ դեսպաններին

23:36, հինգշաբթի, 26 օգոստոսի, 2021 թ.
3 կուսակցություններ համատեղ բաց նամակ են ուղղել ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՄԹ դեսպաններին

3 կուսակցություններ համատեղ բաց նամակ են ուղղել ՀՀ-ում ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԹ դեսպաններին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների մեծահարգ դեսպաններ,

Խորհրդային օկուպացիայի 70 տարվա ընթացքում Հայաստանի ազատասեր զավակների հայացքն ուղղված է եղել դեպի ձեր երկրները, որոնք մեզ համար եղել են հույսի փարոս, երբևէ ազատագրվելու ուղեցույց, արդարությունը ձեր դաշնակցությամբ վերականգնելու երազանք:

Մենք ոգևորությամբ ու հավատով էինք ընդունել Խորհրդային Միությունը որպես Չարիքի կայսրություն որակելը, իսկ Արևմտյան քաղաքակրթության հիմքերից մեկը կազմող Գրքում ասվում է, որ չար ծառը չի կարող բարի պտուղ տալ: Այդ չար ծառը մերժելով, մեր խորին համոզմամբ, պետք է մերժել նաև նրա չար պտուղները, որի մեջ են չարիքի սերմերը: Չարիքի հայրերը, սկսած ռուս ցարերից մինչև Լենին ու Ստալին, կամայականորեն և բռնությամբ գծել են այնպիսի չար ու անարդար սահմաններ, որոնք Հարավային Կովկասի ժողովուրդներին մշտապես կապված պահեն Չարիքի կայսրությանն ու նրա ժառանգորդին:

Հայաստանի ազատասեր զավակներն այսօր ևս հուսավառ նայում են դեպի ձեր կողմը՝ հուսալով, որ դուք, ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, չընդունելով Չարիքի կայսրությունը, չեք ընդունի նաև այդ չարիքի պտուղները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1920-ական թվականներին բռնությամբ պարտադրված սահմանները:

Այսօր վտանգված են նույնիսկ բռնությամբ գծված այդ սահմանները, որոնց կարգավորումը ոչ մի դեպքում չի կարելի հերթական անգամ թողնել ռուս-թուրքական հայեցողությանը: Մեր երկրի ազատասեր զավակները կյանքի գնով միայնակ, ռուսական ճնշումների տակ այսքան տասնամյակներ կանգնած պահեցին Արևմտյան քաղաքակրթության ամենաարևելյան սահմանի դրոշը: Այդ դրոշն այսօր երերում է Սյունիքում. և մենք, որպես քաղաքակրթական սահմանապահ, իրավունք ունենք մեր քաղաքակրթական հարազատից՝ ձեզնից, ակնկալելու ամենագործնական միջամտությունը: Հապաղումը կարող է ճակատագրական լինել:

Միքայէլ Հայրապետեան ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Սանասարյան «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Խզմալյան ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

5913 | 0
Facebook