Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները պարունակում են ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր». Արման Բաբաջանյան

16:54, հինգշաբթի, 05 օգոստոսի, 2021 թ.
«Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները պարունակում են ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր». Արման Բաբաջանյան

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ-իրանական հարաբերությունները երկուստեք կենսական նշանակություն ունեցող և բավական նուրբ շերտեր պարունակող հարաբերություններ են։

Իրանական խնդրի շուրջ առկա միջազգային քաղաքական կոնյունկտուրայում Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները պարունակում են ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր։ Չափազանց կարևոր է այդ հնարավորությունների ու ռիսկերի բալանսավորումը։

Ռուսաստան, ԱՄՆ, Իսրայել, Սաուդյան Արաբիա, արաբական մի շարք պետություններ... Սա այն երկրների ոչ ամբողջական ցուցակն է, որոնք զգայուն կարող են լինել հայ-իրանական հարաբերությունների առնչությամբ։ Հայ-իրանական հարաբերությունները, այսպիսով, պետք է կառուցվեն տարածաշրջանային և գլոբալ զարգացումների հաշվառմամբ միայն, դրանք չենք կարող կտրված լինել աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունների ներկապնակից։

Այո՛, մենք՝ որպես հարևան և բարեկամ պետություն, Իրանի հետ մեր հարաբերությունները չենք պայմանավորում երրորդ երկրով կամ երկրներով։ Միևնույն ժամանակ, Իրանի նկատմամբ մեր այդ վերաբերմունքն օբյեկտիվորեն առաջացնում է մեր նկատմամբ վերաբերմունք մեր այլ գործընկեր պետությունների ու կառույցների կողմից։

Հետևաբար, չափազանց կարևոր է հավասարակշռել հայ-իրանական հարաբերություններից ակնկալվող դրական և այլ սուբյեկտների կողմից Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ պայմանավորված բացասական արդյունքները։ Իրանը մեր տարածաշրջանի կարևորագույն խաղացողներից մեկն է, և այդ երկրի հետ դրական հարաբերություններն արժեքավոր են մեզ համար։

Սակայն դրանք պետք է զարգանան միայն ռիսկերի բացառման և հնարավորությունների ավելացման սկզբունքով։

Չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանը շարունակի կանխատեսելի և թափանցիկ, անկեղծ, վստահելի և գործընկերային հարաբերություններ պահպանել Թեհրանի հետ։ Դա միևնույն ժամանակ թույլ կտա զարգացնել հարաբերությունները նոր գործընկերների, նոր բարեկամների և նոր դաշնակիցներ հետ, որոնց կարիքը Հայաստանը շատ ունի»։

| | |
1690 | 0
Facebook