Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոռուպցիոն չարաշահումներով համայնքային հողամասերը ենթավարձակալության հանձնելու միջոցով Ձորաշեն համայնքին 14 մլն դրամի վնաս է պատճառվել

16:30, չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
Կոռուպցիոն չարաշահումներով համայնքային հողամասերը ենթավարձակալության հանձնելու միջոցով Ձորաշեն համայնքին 14 մլն դրամի վնաս է պատճառվել

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզի Ձորաշեն համայնքի նախկին ղեկավար Գ.Ս.-ն, պաշտոնավարման ընթացքում նախապես տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատա­րած­քներում հեռա­հաղորդակցության երկու օպերատոր ընկերութ­­յան կողմից ալեհավաք կայաններ տեղա­դրելու, շահագործելու մտադրության մասին, համայնքային սեփականության հողամասերի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահա­դիտական դրդումներից ելնելով, անտեսելով սակարկություններին աճուրդավարի երեխա­ների, ծնողների, ամուսնու մասնակցությունը բացառելու օրենսդրական պահանջը, 2006թ. հուլիսի 17-ին և 2007թ. մայիսի 21-ին գլխավորել է աճուրդային հանձնաժողովները և կազմակերպել ու անցկացրել է համայնքային սեփա­կանություն հանդի­սացող 2 տարբեր հողամաս վարձակալությամբ հանձնելու վերաբերյալ ձևական աճուրդներ: Այս մասին հայտնում է Դատախազությունը:

Ապա հաստատել է մրցույթների արդյունքներն արտացոլող արձանագրությունները՝ դրանցում նախապես կեղծելով մրցութային հանձնաժողովների չորս անդամների ստորագրությունները, և երկու մրցույթում էլ հաղթող է ճանաչել իր կնոջը: Արդյունքում 2006թ. օգոստոսի 21-ին և 2007թ. մայիսի 29-ին վերջինիս հետ Գ.Ս.-ն կնքել է առաջինի պարագայում գյուղատնտեսական նշանակության 1 հա մակերեսով հողամասը տարեկան 4540 ՀՀ դրամ վարձավճարով, իսկ երկրորդի դեպքում՝ 1.58հա մակերեսով հողամասը տարեկան 7450 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության հանձնելու մասին պայմանագրեր:

Այնուհետև, կարճ ժամանակ անց, կնոջ անվամբ հողամասերից մեկը 2006թ. օգոստոսին տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, իսկ մյուսը՝ 2007թ. հուլիսին ամսական 85.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության է հանձնել հեռա­հաղորդակցության երկու տարբեր օպերատոր ընկերությունների, որոնց արդյունք­ում մինչև 2016թ. հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր ստացել է ավելի քան 14 մլն ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ՝ համայնքին զրկելով այդ չափով եկամուտ ստանալու հնարավո­րութ­յունից:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ձորաշեն համայնքի նախկին ղեկավար Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/:

Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից ներկայացվել են 3.100.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասի վերականգման վճարման անդորրագրեր:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, դրա օրիանականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։

4702 | 0
Facebook