Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ սահմանին իրավիճակի մասին

11:18, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ սահմանին իրավիճակի մասին

«Ի հեճուկս ՀՀ կառավարության ու միջազգային հանրության ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ ու գործողություններով վարկաբեկելով նաև եռակողմ հայտարարությունները: Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների շինծու դատավարությունները: Վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում նաև վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիների բացման թեման: Բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել ու չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: Մեզ համար միանշանակ է և աներկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան... Ադրբեջանի ԶՈՒ-ն ոչ միայն շարունակում է ապօրինի մնալ ՀՀ տարածքում, այլև սադրիչ գործողություններ է ձեռնարկում՝ փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ համակարգը: Լինելով ՀԱՊԿ անդամ, ով սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը, ու ես բացառում են ՀՀ ԶՈՒ-ի կողմից որևէ սադրիչ գործողություն: Կարծում եմ, որ Ադրբեջանի ու մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելության անհնարինության պայմաններում, մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ՝ ներառյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը... Ադրբեջանի փորձերը՝ ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելուն, որևէ կապ չունի իրականության հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

10732 | 1
Facebook