Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Առանց կտրուկ քայլերի Հայաստանը չենք կարողանա պահպանել». Նարինե Մկրտչյան

00:48, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
«Առանց կտրուկ քայլերի Հայաստանը չենք կարողանա պահպանել». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, ինչ մեղմաբար անվանում են «սահմանային իրավիճակը լարված է», իրականում ստորացուցիչ «խաղաղության», դավադիր գործընկերության, բացակա հայկական դիվանագիտության, Երևանի ռուսական արտաքին քաղաքականության, անկազմակերպ բանակի, մեծամիտ և անգործունակ իշխանության, աղետալի կադրային նշանակումների, միանձնյա կառավարման, ֆեյսբուքյան ինքնաեթերների հետևանք է:
     Այս ամենի հետևանքով է նաև, որ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական հակասությունների, բախումների և շահերի կիզակետում, իսկ այդ շահերը համընկնում կամ հակադրվում են ի հաշիվ Հայաստանի Հանրապետության տարածքների:
     Նմանօրինակ իրավիճակում խաղաղության կեղծուպատիր քարոզչությունը և խաղաղություն մուրալը պատերազմ բերեց Հայաստանին, չնայած դրան՝ այդ պարտվողական քարոզչությունը դարձյալ չի փոխվում:
     Հայաստանն ամեն օր ավելի ու ավելի է սեղմվում ռուս-թուրք-ադրբեջանական դավադիր դաշինքի աքցանում, որն ուզում է վերջնականապես ճզմել-մասնատել Հայաստանը:
     Սա հետևանք է նաև Մինսկի խմբի համանախագահների՝ տարիներ շարունակ երեսպաշտորեն արտաբերվող «կողմերին կոչ ենք անում» արտահայտութուններին, ղարաբաղյան հիմախնդրի արդարացի և հայանպաստ լուծման կարևորությունը ողջ մեծ տարածաշրջանի համար չընկալելու, Հայաստանի ու ահաբեկիչ պետության միջև հավասարության նշան դնելու:
     Սա հետևանք է Արևմուտքի՝ Թուրքիայի տարածքային նկրտումներն անտեսելու, այդ երկիրը տարածաշրջանային ահագնացող սպառնալիքի վերածելու քաղաքականության և Թուրքիայի հանդեպ անանց վախի:
     Կարո՞ղ է արդյոք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաղթահարել այս ծանրագույն իրավճակը: Ցավոք, ոչ, քանի որ նրա կառավարման հետևանքով ենք մենք ամեն ինչ կորցնում:
     Սա այն քաղաքականության հետևանքն է, որն անվերջ քննադատել ենք և որի մասին մասին անվերջ զգուշացրել ենք:
     ԶԼՄ-ների մեղքը ևս փոքր չէ: Հայաստանը 30 տարի ղեկավարում են մամուլի ստեղծած հերոսներն ու հակահերոսները:
     Կուսակցական դաշտը և քաղաքական միտքը ոչնչացված են, Հայաստանի ներքին դիմադրողականությունը՝ քայքայված:
     Այս ամենով հանդերձ Հայաստանը քայլեր ունի իրավիճակը հաղթահարելու: Բայց ժամանակ չունի: Վաղը կարող է ուշ լինել:
     - Հայաստանը պետք է չեղարկի 2020թ. նոյեմբերյան աղետաբեր համաձայնագիրը,
     - Համընդհանուր զորակոչ հայտարարի,
     - ՄԱԿ-ում բարձրացնի Ադրբեջանին ագրեսոր ճանաչելու հարցը և հասնի դրան
     Հայկական դիվանագիտությունը, հայոց բանակը, հայկական Սփյուռքը և համազգային միասնականությունը՝ ահա այն չորս փղերը, որոնք պետք է արագորեն վերակազմավորել, վերափոխել, ոտքի կանգնեցնել: Ահա այն փղերը, որոնք պետք է գրոհեն հանուն Հայաստանի Հանրապետության:
     Իրավիճակն այնքան վտանգավոր է, որ առանց կտրուկ քայլերի Հայաստանը չենք կարողանա պահպանել»:

| | |
3756 | 0
Facebook