Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Վատ կրթական համակարգը չի կարող լինել պատճառը բոլոր աղետների». Կարպիս Փաշոյան

02:06, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
«Վատ կրթական համակարգը չի կարող լինել պատճառը բոլոր աղետների». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիմա Հայաստանում նորաձև է խոսել կրթությունից կամ այլ խոսքով՝ ամեն մի կիսակրթված քաղքենի իր սրբազան պարտքն է համարում տրտնջալ հասարակության տգիտությունից և արխայիկ մտածողությունից։ Ավելին՝ շատ քաղաքական և հանրային գործիչներ հաճախ իրենց ֆունկցիոնալ տկարությունն ու գաղափարական սնանկությունը բացատրում են հանրային անգրագիտությամբ, իբրև թե՝ մենք շատ խելոք ենք ու ինտելեկտուալ, բայց լյումպենների ողորմելի մեծամասնությունը անկարող է մեզ հասկանալ։
     Կրթվածության վերաբերյալ գնահատականներն այնքան են ծայրահեղացել, որ նույնիսկ դա դիտարկվում է Հայաստանի թիվ մեկ խնդիրը։
     Իհարկե վատ կրթական համակարգը լրջագույն արատ է, բայց հավատացնում եմ, դա չի կարող լինել Հայաստանի ամենաառանցքային խնդիրը ու պատճառը բոլոր աղետների։ Պարզապես հեշտ ճանապարհ է․ եթե չես կարողանում բացատրել ու գնահատել այս կամ այն քաղաքական գործընթացը, ապա վերագրի դա ցածր կրթական մակարդակին։ Այս կարծրատիպը թերևս մեր իրականության ամենալեգիտիմ միֆն է, որին ինտելեկտուալ հռչակված զանգվածները կուրորեն հավատում են։
     Ի դեպ ես լռիվ հակառակ կարծիքն ունեմ․ իմ համոզմամբ Հայաստանի կրթված և նույնիսկ արևմտյան նորաձև բուհերում ուսանած շրջանակներում միֆական և արխայիկ մտածողության չափաբաժինը շատ ավելի մեծ է։
     Հիշում եմ, նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմում Մեծ Բրիտանիայում ուսանած մի երիտասարդ էր աշխատում, որը դեռևս ամիսներ առաջ անհեթեթություններ էր գրել Ղարաբաղյան հակամարտության մասին՝ վերարտադրելով բոլոր այն միֆերը, որոնք հարյուրամյակներ շարունակ եփվել են բազմաչարչար հայ ժողովրդի տառապանքի կաթսայում։ Ավելին՝ ինտելեկտուալ տղան հեգնել էր Ժիրայր Լիպարիտյանին, ծաղրել՝ Վարդան Օսկանյանին և Էդվարդ Նալբանդյանին, իբրև թե՝ այս ինչ են բանակցել ու բանակցում այդ հնացած տգետները։ Բայց տղայի մտորումները լեգիտիմ էին, քանի որ շարադրված էին կոկիկ հայերենով, անգլերեն տերմիններով և քաղաքական փիլիսոփայության դասականներին հղումներով։ Սա էլ երևի փիլիսոփայական ատենախոսության թեմա է․ ինչպե՞ս կարդալ դասականներին և իրականում ոչինչ չկարդալ։
     Ես գիտեմ, որ մեր կրթական համակարգը վատն է, բայց ես չեմ հավատում, թե դա է մեր կործանման պատճառը, քանի որ կրթության հետ առնչվող լրջագույն և անլուծելի մարտահրավերներ ունեն նույնիսկ ամենազարգացած հասարակությունները։
     Կրթություն ստանալ դեռևս չի նշանակում ապրել առանց միֆերի, իսկ կարգավիճակի ֆետիշացումը երևի թե հենց միֆ է միֆի մասին»։

Աղբյուրը` Կարպիս Փաշոյան
| | |
2089 | 1
Facebook