Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինձ տեղեկություն հասավ, որ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել». Թագուհի Թովմասյան

16:18, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
«Ինձ տեղեկություն հասավ, որ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել». Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրագրողի ազատությունը անհրաժեշտություն է, և ոչ երբեք՝ գլխացավանք

Սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ, ինձ տեղեկություն հասավ այն մասին, որ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել։ Խիստ անընդունելի եմ համարում լրագրողների նկատմամբ նման գործելաոճը: Հատկապես երկրի օրենսդիր մարմնում, հանրային գործունեությամբ զբաղվող պատգամավորների հետ աշխատանքը զգալի դերակատարություն ունի ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյաների հաշվետվողականության, պատգամավորական գործունեության հրապարակայնացման գործում։

Եվ պետք է արձանագրենք, որ այդքան կարևոր լրագրող-պատգամավոր ազատ, անսահմանափակ կապի խաթարումը խիստ բացասական հետևանքներ է ունենալու խորհրդարանական երկրի համար, որի օրենսդիր մարմնում լրագրողներն ավանդաբար ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք և կարողացել օգտագործել այդ հնարավորությունը՝ հանրային շահերի պաշտպանության կարևոր գործում։

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ արդեն դիմել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ խնդրելով տեղեկատվություն ստորև նշված հարցերի վերաբերյալ․

1. Արդյո՞ք խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում կայացվել է, և ի՞նչ հիմնավորմամբ։

2. Ինչո՞ւ են լրագրողները գտնվելու հատուկ սենյակում, և ինչո՞ւ է սահմանափակվելու նրանց տեղաշարժն Ազգային ժողովում։

3. Ինչո՞ւ է սահմանափակվում լրագրող-պատգամավոր կապը։ Այդ կապն ավանդաբար եղել է ազատ, լրագրողները խորհրդարանում ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք, իսկ հիմա այդ կարևորագույն կապը խաթարվում է, և լրագրողների տեղաշարժը՝ սահմանափակվում։

4. Լրագրողների նկատմամբ այս տարբերակված մոտեցումը քաղաքական ի՞նչ նպատակ է հետապնդում։

Հուսամ՝ պատասխանը շուտ կստանամ և կպարզենք՝ ինչու են լրագրողերի նկատմամբ սահմանափակումներ կիրառվում՝ խախտելով խորհրդարանի ձևավորման օրվանից գործող ավանդույթները»:

3481 | 1
Facebook