Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեքիաթները, թե Ալիևը խափանում է դելիմիտացիան և դեմարկացիան, ՀՀ իշխանությունների կողմից մտածված քայլ է». Արման Աբովյան

15:24, շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ.
«Հեքիաթները, թե Ալիևը խափանում է դելիմիտացիան և դեմարկացիան, ՀՀ իշխանությունների կողմից մտածված քայլ է». Արման Աբովյան

ԲՀԿ-ական Արման Աբովյանի գրառումը. «Գեղարքունիքում տեղի ունեցած փոխհրաձգությունը, Երասխում առկա լարվածությունը և Սյունիքում ենթադրյալ սրացումը ապացուցում են ներքոհիշյալ երկու հիմնական թեզերը:
     Բայց մինչ հերթական ռազմական լարվածության պատճառներին և հետևանքներին անցնելը, անհրաժեշտ է անհապաղ վերապահում անել, որ այս իրավիճակը զարգացել է բացառապես փաշինյանական իշխանությունների կողմից աշխարհաքաղաքական իրողությունների անտեղյակության և իրավիճակը կանխատեսելու անկարողության պատճառով:
     Զառանցանքը, թե փաշինյանական կառավարությունը բերեց «խաղաղության և բարգավաճման» դարաշրջան, կոտրվում է հայկական տարածքների օկուպացիայի, Հայաստանի գնդակոծման, թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից ՀՀ քաղաքացիների հափշտակման և առևանգման, հայ զինվորականների սպանության առաջ:
     Փաշինյանական իշխանությունը ոչ ադեկվատ է և սա փաստ է, որն, ի դեպ, ամենամեծ սպառնալիքն է:
     Այսպիսով․
     1․ Ադրբեջանը միտումնավոր հրահրում է ռազմական լարվածություն՝ դրանով ճանապարհ հարթելով ոչ միայն հնամենի հայկական տարածքների օկուպացիան օրինականացնելու համար, այլև հրահրելու ռազմական բախում, ինչը ինդուլգենցիա կհանդիսանա նրանց Հայաստանի տարածքի հետագա ներխուժման համար:
     2․ Ալիևը բոլոր հնարավոր ձևերով շտապեցնում է փաշինյանական իշխանություններին անհապաղ սկսել աշխատանքը սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի ուղղությամբ՝ այդպիսով փորձելով իրավաբանորեն օրինականացնել իրենց կողմից Հայաստանի օկուպացված տարածքները և հասնել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի կամավոր փոխանցմանը Ադրբեջանին:
     Ի դեպ, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը ոչ միայն Հայաստանի մասնատումն է, այլ նաև Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիայի օրինականացումը:
     Այնպես որ սադրանքները կշարունակվեն:
     Ի դեպ, Հայաստանի իշխանությունների բոլոր հեքիաթները, թե իբր Ալիևը խափանում է դելիմիտացիան և դեմարկացիան, կրկին ՀՀ իշխանությունների կողմից շատ մտածված քայլ է, ովքեր կրկին ինքնասպան «դելիմիտացիայի և դեմարկացիայի» իրենց համաձայնությունը կներկայացնեն որպես «հաղթանակ»:
     Բայց եթե դելիմիտացիա սկսվի, այդ դեպքում միայն ադրբեջանա-թուրքական կողմը կհաղթի:
     Եզրակացությունները թողնում եմ ձեզ:
     Այո՛, կարծում եմ՝ առայժմ ամեն ինչ ձեզ մոտ կարգին է, քանի դեռ թուրքը կացինը ձեռքին չի մտել ձեր ննջասենյակ:
     Ապագա կա՛... վայելեք»:

Աղբյուրը` Արման Աբովյան
4644 | 5
Facebook