Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայկական տնտեսության «աքիլլեսյան գարշապարը» շարունակում է մնալ պետական պարտքի ապարդյուն կառավարումը»․ Վահե Դավթյան

23:48, ուրբաթ, 23 հուլիսի, 2021 թ.
«Հայկական տնտեսության «աքիլլեսյան գարշապարը» շարունակում է մնալ պետական պարտքի ապարդյուն կառավարումը»․ Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «2,6 մլրդ եվրոյի անատոմիան
     ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող 2,6 մլրդ եվրոն ոգևորեց շատերին՝ առիթ հանդիսանալով ապագայի մասին ամպագոռգոռ հայտարարություններ անելու համար: Սակայն բավական է ուսումնասիրել տրամադրվող գումարի կառուցվածքը՝ հասկանալու համար, որ ձրի պանիրը միայն թակարդում է լինում:
     Այսպես, 2,6 մլրդ եվրոյից 1,4 մլրդ-ը վարկային միջոցներ են: Հիշեցնեմ, որ 2020 թ. դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 8 մլրդ ԱՄՆ դոլար՝ կազմելով ՀՆԱ-ի 63,5%-ը: Հաշվի առնելով նաև այն, որ հայկական տնտեսության «աքիլլեսյան գարշապարը» շարունակում է մնալ պետական պարտքի ապարդյուն կառավարումը, պարզ է դառնում, որ դրա՝ 10 մլրդ ԱՄՆ դոլարին մոտեցնելը հղի է խորքային ճգնաժամով:
     2,6 մլրդ եվրոյից մոտ 1 մլրդ-ը պետք է Հայաստան ուղղվի ներդրումների տեսքով: Ներդրումների արդյունավետության ապահովման համար հայկական կողմը պետք է տիտանական աշխատանք կատարի: Հաշվի առնելով գործող իշխանության անտի-տեխնոկրատ կեցվածքը՝ դժվար է պատկերացնել, որ այստեղ որևէ շոշափելի արդյունք կունենանք:
     Մնացած 200 մլն եվրոն տրամադրվելու է դրամաշնորհի տեսքով՝ տարեկան 40 մլն եվրոյի չափով: Հիշեցնեմ, որ մինչև 2018 թ.-ը ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող դրամաշնորհը տարեկան կազմում էր 50 մլն եվրո:
     Գումարենք այս ամենին ԵՄ կողմից ընտրվող եվրոպացի խորհրդատուների ու փորձագետների ահռելի մեծ հոնորարները, ու պատկերն ամբողջական է դառնում:
     Սա ամենևին չի նշանակում, որ ԵՄ կողմից տրամադրվող միջոցները չեն կարող դրական արդյունքի հանգեցնել: Իհարկե, կարող են, սակայն միայն մի դեպքում՝ երբ միջոցներն ընդունող շահառու երկիրն ունի արդյունավետ ինտիտուտներ, տնտեսական երկարաժամկետ ռազմավարություն, տնտեսական զարգացման հստակ մոդել, պետական-մասնավոր կայուն ու արդյունավետ կապ»:

Աղբյուրը` Վահե Դավթյան
2937 | 1
Facebook