Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Թվիթեր

Իրադարձություններ

«ՌԴ նախագահը խուսափեց օգտագործել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում» եզրույթը»․ Նորայր Նորիկյան

22:00, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
«ՌԴ նախագահը խուսափեց օգտագործել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում» եզրույթը»․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ է ուզում Պուտինը․․․
     Այսօր կայացած Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը նրբանկատորեն խուսափեց օգտագործել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում» եզրույթը՝ շեշտելով, որ ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը:
     Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ալիևը պատեհ առիթը բաց չի թողնում՝ ընդգծելու, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է, որ այլևս չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ։
     Դժվար է ասել, թե Պուտինի այսպիսի նրբանկատությունն արդյո՞ք համաձայնության նշան է Ալիևին, թե՞ պարզապես քաղաքավարական ժեստ, բայց մի բան ակնհայտ է՝ մեծ քաղաքականության մեջ մանրուքները շատ կարևոր են, եթե իհարկե, մանրուքներ կան։
     Ի՛նչ խոսք, մեծ պետություններին բնորոշ է մինչև վերջ չբացել խաղաքարտերը, բայց այս դեպքում իսկապես հարկավոր է ամբողջությամբ հասկանալ, թե ինչ է ուզում Պուտինը, և ինչպես է նա պատկերացնում հակամարտության լուծումը։
     Ստեղծված իրավիճակի լրջությունը հարկադրում է մեզ սթափորեն արձանագրել մի քանի իրողություն․
     1․ ԵԱՀԿ Մինսկի խումբն անդառնալիորեն կորցրել է իր ազդեցությունը և այլևս դժվար, եթե չասենք՝ անհնար կլինի վերականգնել նրա ունեցած բացառիկ մանդատը Արցախի հակամարտության կարգավորման գործընթացքում։
     2․ Տարածաշրջանում խախտվել է ուժերի հավասարակշռությունը, ինչը ստիպում է Հայաստանին վերաիմաստավորել իր ռազմաքաղաքական շահերը և արդյունավետորեն առաջ մղել դրանք՝ անհրաժեշտ պաշտպանական համակարգ ձևավորելու վճռականությամբ։
     3․ Հարկավոր է ձևավորել այնպիսի հայկական օրակարգ, որը հիմնված կլինի իրատեսության, պետական շահերի սթափ հաշվառման և արդյունավետ կիրառման վրա։
     4․ Հարկավոր է հնարավորինս սեղմ ժամկետում ուրվագծել Արցախի հակամարտության կարգավորման սեփական օրակարգը՝ հիմնված արդի իրողությունների, տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական ազդեցության վրա։
     Եկեք իսկապես սթափվենք ու գիտակցենք, որ այլևս թույլ տալ, որ մշտապես անտեսվեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերը, հղի է պետականության կորստի վտանգով, ուստի ժամանակն է հավասարակշռված, միաժամանակ հաստատակամորեն առաջ մղել հայկական շահերը՝ ձեռք բերելով բարեկամներ ու դաշնակիցներ, որոնք կհարգեն մեր ռազմավարական շահերը, որից մենք չենք կարող որևէ կերպ հրաժարվել․․․»։

| | |
6160 | 1
Facebook