Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Արցախում մարդիկ մտահոգ են, ամենուր թևածում է անորոշությունն ապագայի նկատմամբ». Արշալույս Մղդեսյան

12:42, կիրակի, 18 հուլիսի, 2021 թ.
«Արցախում մարդիկ մտահոգ են, ամենուր թևածում է անորոշությունն ապագայի նկատմամբ». Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում կյանքն ամառային պասիվության մեջ է։ Կեսօրվա շոգին, ինչպես Երևանում, դրսում շատ քիչ են մարդիկ։ Երեկոյան շատանում են։ Զբոսանք, բայց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի հատվածում չկա մեզ համար սովորական դարձած ակտիվությունը։
     Զբոսնում են հրապարակից մի փոքր հեռու։ «Արմենիա» հյուրանոցի դիմացը չի նկատվում նախկին ակտիվությունը, տխուր է մի քիչ։ Գուցե ամառ է, այստեղից ևս գնացել են հանգստանալու։ Չգիտեմ։
     Մարդիկ էլ են փոխված, թե՛ ժամանակավոր եկողները, թե՛ ապրողները։ Մտահոգ են, ամենուր թևածում է անորոշությունն ապագայի նկատմամբ։ Ի՞նչ է լինելու հինգ տարուց, էս հարցն առաջնայինն է, որում պետք է հստակություն մտցնել։ Որոշակիությունն է պահելու մարդկանց Արցախում։ Հայկական էլիտան (ընդդիմություն-իշխանություն֊սփյուռքյան կազմակերպություններ) առաջին հերթին սրանով պետք է զբաղվի։
     Ակտիվ շինարարություն է ընթանում, հատկապես Ստեփանակերտից դուրս` շրջաններում, գյուղերում։ Էն որ Երևանում մարդիկ կաֆել-մետլախ խփող վարպետ չեն գտնում, դրա լավ իմաստով «մեղավորը» Արցախն է։ Նրանք էստեղ են, աշխատում են։
     Դեպի Ստեփանակերտ ճանապարհն ակտիվ է, ավտոների հոսք է նկատվում, բայց դե միշտ կարելի է ավելի ակտիվ պահել։ Էդ հոսքը պետք է չդադարի։ Արժե, որ հայկական տուրիստական ընկերությունները նորովի մոտենան էս հարցին ու դեպի Արցախ հետաքրքիր ուղևորություններ կազմակերպեն։
     Կյանքն, իհարկե, ընթանում է իր ուրույն հունով, սրճարան, ռեստորան, հյուրանոց, խանութ ու վարսավիրանոց, ամեն ինչ աշխատում է։ Ստեփանակերտում պատերազմի հետքը գրեթե չես գտնի։ Վերականգնվել է, այժմ էլ մեծանում է քաղաքը` տեղահանված մարդկանց տեղավորելու համար։
     Ու մի քանի բան, որ առաջիկա տարիներին մեր կյանքի անբաժան մասն է լինելու։ Հայաստանի սահմանից մինչև Ստեփանակերտ հինգ տեղ անձնագրային ստուգում ենք անցնելու։ Շատ արագ ու առանց անհարմարությունների է դա տեղի ունենում, բայց սա իրողություն է։
     Երկրորդ, շատերիս համար սովորական է դառնում «պերեսմենկա» բառը։ Արցախ մեկնողները Աղավնո գյուղի կամ Բերձորի հատվածում ռուսական անցակետի մոտ սպասում են մինչև ադրբեջանական զորքը պերեսմենկա անի։ Սովորաբար դա տեղի է ունենում արագ, բայց երբեմն կարող է ձգվել մինչև կես ժամ ու ավել։ Պերեսմենկան էլ սովորաբար ոչ աշխատանքային օրերին է լինում, ոչ ամեն օր։
     Ու մեկ էլ Շուշին... Շուշիի կողքով ենք երթևեկելու, մի կողմում լավ կահավորված հենակետում ադրբեջանցիներն են, որոնց ճանապարհից բաժանում է երկաթե ճաղավանդակը, իսկ մյուս կողմում` ճանապարհի վրա ռուսական հենակետն է»:

| | |
1484 | 0
Facebook