Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խրամորթ գյուղի դպրոցը կվերանորոգվի սփյուռքի միջոցներով

19:42, կիրակի, 11 հուլիսի, 2021 թ.
Խրամորթ գյուղի դպրոցը կվերանորոգվի սփյուռքի միջոցներով

Եվրոպայի Հայ դատի գրասենյակն ու Բելգիայի Արցախի հետ բարեկամության խումբը ֆինանսավորել են Արցախի Հանրապետության Ասկերան շրջանի Խրամորթ համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգումը:

Ինչպես հայտնում է Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը, դպրոցում նախատեսվում է իրականացնել ներքին ու արտաքին վերանորոգման աշխատանքներ, կառուցել նոր սանհանգույց, ժամանակակից տեխնիկայով հագեցած ճաշարան:

Նախատեսվում է նաև կահավորել ու արդիականացնել դասասենյակները` դրանք դարձնելով առարկայական դասասենյակներ։ Անցկացվելու է նաև ջեռուցման նոր համակարգ:

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Խրամորթ գյուղ են տեղափոխվել նաև ադրբեջանական վերահսկողության տակ մնացած Հադրութի շրջանից տեղահանված ընտանիքներ: Այս տեսակետից ծրագրի հեղինակները հատկապես կարևորում են դրա իրականացումը հատկապես այդ գյուղում։

Մեկնաբանելով այս նախաձեռնությունը` ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն ասել է. «Ադրբեջանի կողմից պարտադրված այս կործանարար պատերազմում կարևոր է բուժել Արցախի վերքերը: Հատկապես երեխաները խոցելի են նման իրավիճակում: Հուսով ենք, որ այս նախագիծը քայլ կլինի Արցախի երեխաների կրթության պայմանները բարելավելու և լուսավոր ապագա ապահովելու ուղղությամբ»:

Հայ համայնքի ներկայացուցիչն արձանագրել է, որ Արցախին աջակցելն իրենց պարտքն է ու նման ծրագրերը շարունակական են լինելու։

5562 | 0
Facebook