Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կորցնելով 200․000 ընտրողի աջակցությունը՝ Նիկոլը կորցրեց միայն մեկ մանդատ»․ Արմեն Գևորգյան

12:48, շաբաթ, 03 հուլիսի, 2021 թ.
«Կորցնելով 200․000 ընտրողի աջակցությունը՝ Նիկոլը կորցրեց միայն մեկ մանդատ»․ Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Գևորգյանը թվիթերյան իր էջում գրել է․ «Ընտրական տարօրինակ մաթեմատիկա․

Ընտրություններն անցել են, և մենք դեռ երկար կքննարկենք դրանց որակը և արդյունքները: Բայց կա մեկ տարօրինակ հանգամանք, որի մասին կցանկանայի խոսել:

2018-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն, Նիկոլը ստացել է ավելի քան 70 տոկոս ձայն՝ ընտրողների 48,5 տոկոսի մասնակցությամբ: Արդյունքում, նրա քաղաքական ուժը խորհրդարանում ստացավ մանդատների ոչ միայն 3/5, այլև 2/3-ը:

2021 թվականին, խորհրդարանական ընտրություններին Նիկոլը հավաքեց ձայների 54 տոկոսից պակաս, մասնակցում էր ընտրողների 49,5 տոկոսը: Եվ դարձյալ, նրա քաղաքական ուժը ոչ միայն ստանում է խորհրդարանում մանդատների երեք հինգերորդը, այլ ամեն կերպ ձգտում է ձևակերպել նաև մանդատների երկու երրորդը, այսինքն՝ սահմանադրական մեծամասնությունը: Նրանց համար, ովքեր չգիտեն ասեմ, որ այս պահին 2/3 ունենալու համար, Նիկոլը միայն մեկ մանդատ չունի:

2018-ին Նիկոլը ստացավ Հայաստանի բոլոր ընտրողների ձայների 34 տոկոսը, իսկ 2021թ-ին նա արդեն ստացավ Հայաստանի բոլոր ընտրողների ձայների ընդամենը 26,5 տոկոսը:

Նիկոլի ցուցանիշները նվազում են՝ ինչպես իր օգտին տրված ձայների, այնպես էլ բոլոր ընտրողների ընդհանուր թվից, բայց նա շարունակում է պահպանել իր անսասան դիրքը խորհրդարանում: Փաստորեն, ստացվում է, որ կորցնելով 200․000 ընտրողի աջակցությունը՝ Նիկոլը կորցրեց միայն մեկ մանդատ՝ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ձևավորելու համար:

Ընդդիմությունը կրկին կորցնում է Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքները առանցքային որոշումների և սահմանադրական օրենքների ընդունման վրա ազդելու համար:

Այս հանելուկի լուծմանը սպասենք Հայաստանի Սահմանադրական դատարանից»:

6602 | 2
Facebook