Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պահվող անձանց կարգավիճակի շուրջ վեճն Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ինքնուրույն լուծեն» ԿԽՄԿ-ի նախագահ

13:44, չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ.
«Պահվող անձանց կարգավիճակի շուրջ վեճն Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ինքնուրույն լուծեն» ԿԽՄԿ-ի նախագահ

ԿԽՄԿ-ը պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև ռազմագերիների փոխանակմանը, սակայն պահվող անձանց կարգավիճակի շուրջ վեճն Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ինքնուրույն լուծեն։ Այս մասին Известия-ին տված հարցազրույցում հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը․
     «Առաջընթաց արձանագրվել է, գերիները տուն են վերադառնում։ Միևնույն ժամանակ, դեռևս վեճեր են ընթանում որոշ ձերբակալվածների թեմայով՝ արդյո՞ք նրանք ռազմագերիներ են համարվում, ի՞նչ կարգավիճակ ունեն և կարո՞ղ են արդյոք վերադառնալ։ Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով։
     Կարմիր խաչն անմիջական հասանելիություն ունի ձերբակալվածներին. Ադրբեջանի կառավարությունը տեղեկացրել է, որ (ձերբակալվածների) կարգավիճակի շուրջ տարաձայնություններ են առաջացել հայկական կողմի հետ։ Այս խնդիրը Բաքուն ու Երևանը պետք է ինքնուրույն կարգավորեն»,-հայտարարել է Մաուրերը:
     Նա նշել է, որ կարող են կիսել իրենց փորձը, կարող են խորհուրդ տալ, սակայն համապատասխան կառավարությունները պետք է իրենք որոշեն այդ մարդկանց վերջնական կարգավիճակը.
     «Մենք կապի մեջ ենք 2 կողմի հետ։ Եվ հուսով եմ, որ ապագայում կհաջողվի խնդրի լուծում գտնել պահվող բոլոր անձանց համար»։
     Պատասխանելով այն հարցին, թե ինչ պայմաններում են պահվում ձերբակալված անձինք Ադրբեջանում` նա հայտարարել է, որ իրենք դրան հրապարակային գնահատական չեն տալիս։
     «Մենք այցելում ենք՝ գնահատելու մարդկանց պահման պայմանները, սակայն, ինչպես գիտեք, դա գաղտնի գործընթաց է ԿԽՄԿ-ի համար: Առայժմ ես չեմ կարող ավելին ասել»,-հավելել է նա։

4134 | 2
Facebook