Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կոչ եմ անում համայնքապետերին՝ տեղի չտալ մարզպետների հակաօրինական պահանջներին». Խոսրով Հարությունյան

12:30, ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ.
«Կոչ եմ անում համայնքապետերին՝ տեղի չտալ մարզպետների հակաօրինական պահանջներին». Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի գրառումը. «Կոչ՝ ի պաշտպանություն տեղական իշխանության մարմինների

Հետընտրական այս օրերին տարբեր մարզերից ստացվում է տեղեկատվություն այն մասին, որ մարզպետները, օգտագործելով իրենց վարչական լծակները, ՔՊ-ին ոչ լոյալ համայնքապետերին ստիպում են հրաժարական տալ: Արդեն արձանագրված է «անհնազանդ» գյուղապետի հանդեպ բիրտ ուժի կիրառմնան դեպք:
     Այն, որ նման վարվելակերպը նրանց հրահանգավորվել է ամենաբարձրից՝ որևէ կասկած չի հարուցում: Այն, որ մենք ականատես ենք քաղաքական օպոնենտների նկատմամբ քաղաքական հետապնդումներին՝ առավել քան ակնհայտ է:
     Սա գործնականում նախընտրական «քաղաքական մուրճի» կիրառումն է և պետք է ենթադրել հանրային համերաշխության ու քաղաքական ուժերի հետ համագործակցության վերաբերյալ հռչակած թեզի իշխանության պատկերացումը:
     Իրականում սա ուղղակի ինքնիրավչություն է և կարող է որակվել, որպես երկրում իրավական վակխանալիայի մի նոր փուլի սկիզբ:
     Մինչդեռ օրվա իշխանությունները պետք է իմանան, որ տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքի ղեկավարն ու ավագանին, համաձայն մեր Սահմանադրության իշխանության, լիարժեք մարմիններ են և չեն գտնվում ոչ Կառավարության, ոչ էլ պետական որևէ այլ մարմնի ուղղղակի վարչական կամ քաղաքական ենթակայության տակ: Նրանք ինքնուրույն են և պատասխանատու են միայն օրենքի և իրենց ընտրողների առջև: Ոչ մի պաշտոնյա, ընդհուպ մինչև վարչապետը, իրավասու չէ քաղաքական կամ վարչարարական պարտադրանք գործադրել համայնքի ընտրովի ղեկավարի հանդեպ, իսկ քաղաքական դրդապատճառներով՝ առավել ևս: Կրկնում եմ, սա ուղղակիորեն բխում է մեր Սահմանադրության պահանջներից:
     Ես, որպես քաղաքական գործիչ, որը կանգնած է եղել մեր երկրում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման ակունքներում և խորապես համոզված է, որ այդ համակարգը հանդիսանում է մեզանում ժողովրդավարական ավանդույթների ձևավորման գլխավոր նախապայմանը, հայտարարում եմ իմ համերաշխությունը համայնքների բոլոր ղեկավարներին՝ անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից:
     Ես հայտարարում եմ, որ համայնքային իշխանության մարմինների նկատմամբ այս ոտնձգություններն ուղղակիորեն հակասում են Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիայի և ՀՀ Սահմանադրության պահանջներին:
     Ես կոչ եմ անում բոլոր համայնքապետերին առաջնորդվել բացառապես օրենքի պահանջներով, տեղի չտալ մարզպետների հակաօրինական պահանջներին:
     Ես կոչ եմ անում Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին անհապաղ և հրապարակավ կանխել մարզպետների անօրինականությունները և այդպիսիք թույլ տված պաշտոնյաներին ենթարկել պատասխանատվության:
     Ես կոչ եմ անում Համայնքների Միության նախագահին անմիջապես արձագանքել այս իրողություններին և հանդես գալ ի պաշտպանություն համայնքային իշխանությունների, այս խնդրին հրավիրել Եվրոպայի Խորհրդի Տեղական Ինքնակառավարման Կոնգրեսի ղեկավարության ուշադրությունը»:

2956 | 7
Facebook