Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանը հոգեբանական տոտալ գրոհ է սկսել արցախցիների նկատմամբ». Տիգրան Աբրահամյան

13:05, ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ.
«Ադրբեջանը հոգեբանական տոտալ գրոհ է սկսել արցախցիների նկատմամբ». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում Արցախում ակտիվ քննարկման հարց է դարձել ադրբեջանցիների՝ արցախցիներին արվող հեռախոսազանգերը, որով վերջիններս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները:
     Այս հարցին երեկ անդրադարձել էր մեր գործընկեր Նաիրի Հոխիկյանը, ով փոխանցում էր արցախցիների շրջանում եղած անհանգստությունները:
     Ադրբեջանցիների փոխանցած հիմնական միտքն այն է, որ ցանկացած պարագայում Արցախը հանձնվելու է, իսկ մենք առաջարկում ենք վաճառել ձեր բնակարանները:
     Երեկվանից Արցախում ապրող ծանոթներիս եմ գրում, փորձում հասկանալ, թե խոսքը մեկ-երկու զանգի մասի՞ն է, թե՞ այն առավել զանգվածային բնույթ է կրում:
     Դեռ չեմ ցանկանում գնահատականներ հնչեցնել, բայց ակնհայտ է, որ ադրբեջանցիների զանգերը մեկ-երկու տասնյակով չեն սահմանափակվում:
     Այստեղ իրականում երկու հիմնական խնդիր կա: Առաջինը, ակնհայտ է, որ Ադրբեջանը հոգեբանական տոտալ գրոհ է սկսել արցախցիների նկատմամբ՝ փորձելով վախի մթնոլորտի դոզայի բարձրացմամբ արագացնել Արցախի հայաթափումը:
     Երկրորդ, «սատանայական գործարք» է առաջարկում մարդկանց, փորձելով Արցախի նկատմամբ վերահսկողությունը ապահովել այդ ճանապարհով:
     Ցավոք, սպասելի գործընթացներ են և առաջիկայում նմանատիպ գործիքների կիրառումն առավել համատարած բնույթ է կրելու:
     Այս ամենն առավել ողբերգական է դառնում Հայաստանի իշխանությունների՝ գործընթացից դուրս գալու և Արցախի էջը վերջնականորեն փակելու ֆոնին:
     Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները երես են թեքել այս հարցից, արցախցիներից քաղաքական, հասարակական դաշտը, առհասարակ, բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են պահի լրջությունը, պետք է թիկունք կանգնեն մեր հայրենիքի արցախյան հատվածում ապրող հայությանը՝ ով ինչպես կարող է:
     Պետք է կանգնել արցախցիների կողքին, սատարել ինչով որ հնարավոր է: Միաժամանակ պետք է հիշել, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հավակնություններն Արցախով չեն սահմանափակվելու և Արցախի հարցով ցանկացած զիջում նոր ճանապարհ է բացելու ՀՀ տարածքի կորոստների համար»»:

2942 | 2
Facebook