Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չես կարող մի օր արևմատամետ լինել, հաջորդ օրը՝ պատեհապաշտ, երրրոդ օրը՝ ինքնիշխանության ջատագով». Նարինե Մկրտչյան

03:05, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
«Չես կարող մի օր արևմատամետ լինել, հաջորդ օրը՝ պատեհապաշտ, երրրոդ օրը՝ ինքնիշխանության ջատագով». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը ձեռքսեղմումների և լուսանկարվելու հիթ-շքերթում այսօր հանդիպել է Դավիթ Սանասարյանի հետ: Տարածվող տեսանյութում Դավիթը սեղմում է Նիկոլի ձեռքը, թեպետ ընտրարշավի ընթացքում հայտարարում էր, թե ՀՀ բոլոր ղեկավարները պետք է պատասխան տան, սակայն Դավիթը Նիկոլի մոտ գնացել է ոչ թե պատասխան պահանջելու, այլ սեղմելու այն ձեռքը, որը ստորագրել է նոյեմբերյան կապիտուլյացիոն համաձայնագիրը, Ղարաբաղում ռուս խաղաղապահների և Սյունիքում ռուսական ռազմակայանի տեղակայման համաձայնությունների տակ: Դավիթը սեղմել է Հայաստանը ռուս-թուրքական գործարքին զոհաբերած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը:
     Ձեռքսեղմումը քաղաքական կատեգորիա է, և «Ինքնիշխան Հայաստան» նորաստեղծ կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը սեղմում է այդ ինքիշխանությունը կազմաքանդող Նիկոլ Փաշինյանի ձեռքը:
     Դավիթ Սանասարյանը արևմտամետ գործչի համբավ ունի: Սակայն արևմտամտությունը միայն ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ռուսական սապոգը այրելը չէ: Արևմտամտությունը երկրում ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունն է և պայքարն այդ արժեքների և հաստատությունների համար:
     Իր կառավարման 3 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը յուրացրել է հեղափոխությունը, գրպանել օրենսդիր իշխանությունը, իր աղետալի կադրային քաղաքականությամբ ավերել պետական կառավարումը:
     Այդ ընթացքում Դավիթ Սանասարյանը հանդարտ նայել է այդ ավերածություններին և խոսել է միայն իր դեմ հարուցվող գործի հանրայնացումից հետո:
     Արևմտամտությունն արժեքների, քաղաքական սկզբունքների և քաղաքակրթական ընտրության ամբողջություն է ենթադրում՝ առանց պատեհապաշտության: Չես կարող մի օր արևմատամետ լինել, հաջորդ օրը՝ պատեհապաշտ, երրրոդ օրը՝ ինքնիշխանության ջատագով, չորրորդ օրը՝ ողջագուրվես այդ ինքնիշխանության կազմաքանդողի հետ:
     Մանավանդ որ, նույն օրը Նիկոլը հանդիպել է և սեղմել Հայաստանը Ռուսաստանի կազմ հրել փորձող և ռուսական դրոշներով Երևանում երթ կազմակերպող Տիգրան Ուրիխանյանի ձեռքը:
     Իրականությունն այն է, որ Նիկոլի ավերածությունները հնարավոր են դարձել նաև նրա թիմակիցների հարմավողականության և պատեհապաշտության հետևանքով:
     Նիկոլի իշխանությունն ավարտվելու է, ինչպես ավարտվել է նրա նախորդների իշխանությունը:
     Ողջ խնդիրն այն է, որ նրա իշխանության ավարտին Ինքնիշխան Հայաստանը միայն Դավիթ Սանասարյանի ղեկաված կուսակցության անվանումը չմնա»:

4075 | 1
Facebook