Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելը». ՀՀ ՄԻՊ

23:15, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
«Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելը». ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելն ու դա քվեարկության արդյունքների հետ կապելը. Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները
     Խորհրդարանական ընտրությունների 2021թ. հունիսի 21-ի քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր դրսևորումներ:
     Խոսքը հասարակության բևեռացումը խորացնող արհեստական բաժանումների մասին է՝ «գյուղաբնակներ ու քաղաքաբնակներ», «գրագետներ և անգրագետներ», «հետամնացներ և զարգացածներ», որը կապվում է քվեարկության արդյունքների հետ: Այս արատավոր դիսկուրսի հիմքում են «նախկին ու նոր», «սև ու սպիտակ», «ժեխ», «զոմբի», «ծախված», «դավաճան» և այլ արտահայտություններով մարդկանց վիրավորելու դատապարտելի թեզերը:
     Առավել կոնկրետ՝ ընդդիմության առանձին շրջանակներ, նրանց աջակիցները նշում են, թե իրենց օգտին քվեարկել են քաղաքաբնակները, ինտելեկտուալներն ու կրթվածները:
     Իշխանության առանձին ներկայացուցիչներն ու համակիրները ընդդիմությանն ու նրանց աջակիցներին հակադարձում են վիրավորական արտահայտություններով ու հետո տեղի է ունենում հակառակը:
     Արդյունքում՝ ողջ հասարակությունն է հայտնվում վիրավորանքի, հայհոյանքի ու հակադարձումների պատճառով լարվածության փակ շղթայի մեջ:
     Վիճակն ավելին են բորբոքում իշխանության ու ընդդիմության շրջանակների աջակցող, նրանց համակարգմամբ կամ ուղղորդմամբ գործող կեղծ էջերի ֆեյքային հարձակումները, որոնք ոչ միայն չեն դադարել, այլ առանձին հարցերով ավելին են ագրեսիվացել:
     Ողջունելի և կարևոր էր հայհոյախոսությանը վերջ դնելու, թշնամանքը դադարեցնելու ՀՀ վարչապետի կոչը հունիսի 21-ի հավաքի ժամանակ ու հատկապես այն, որ այդ կոչն ուղղված էր նաև սեփական քաղաքական համախոհներին ու կողմնակիցներին:
     Ակնկալվում է, որ այս կոչին պետք է առաջին հերթին հետևեին հենց իշխանության ներկայացուցիչներն ու հատկապես այն անձինք, ովքեր զբաղեցրել կամ զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ, առավել ևս ունեն հանրային ճանաչում ու հասարակությունում ընկալվում են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ցավոք, նրանցից որոշներն իրենց դատապարտելի պահվածքով հակառակն են ցույց տալիս:
     Այդպիսի պահվածք է ցուցաբերում ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որը խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով պաշտոնապես ներկայացված է՝ որպես ձևավորվելիք նոր գումարման ԱԺ-ում կառավարող խմբակցության անդամ: Այդ պահվածքն օրինակ է, թե ինչպես չպետք է իրեն դրսևորի իշխանության, առավել ևս բարձրաստիճան ներկայացուցիչը:
     Նա, մասնավորապես, անտեսելով ՀՀ վարչապետի կոչը, արել է հասարակությանը կամ առնվազն նրա մի մասին ուղղված բացահայտ վիրավորական ձևակերպումներով գրառում՝ օգտագործելով «ինտելեկտուալ ապուշներ», «հայ ժողովուրդը ծնկի է բերել», «միշտ է ծնկի բերելու» արտահայտություններով դատապարտելի բառապաշար:
     Այս ակնհայտ սադրիչ գրառումն առաջացրել է վիրավորանք ու հայհոյանք պարունակող նոր «քննարկումներ» ինչպես իր, այնպես էլ այլ հրապարակումների ներքո: Այն լայն տարածում է ստացել համացանցում ու նաև դարձել լրատվամիջոցների վերլուծության առարկա ու դրանով ավելի նպաստել անհանդուրժողականության աճին:
     Ընդ որում, նշված անձի գրառումն ու մեկնաբանությունները վկայում են հասարակության կամ առնվազն մի մասի նկատմամբ նրա հեգնական մոտեցման, սեփական թվացյալ առավելությունները հասարակությանը հակադրելու և պառակտումը խորացնելու անպատասխանատու թողտվության մասին:
     Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական բոլոր ուժերին, հանրային գործիչներին, հոգևորականներին կոչ է անում ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ դրան նպաստող բառապաշարից: Պետք է հաշվի առնել անգամ բառերի կամ արտահայտությունների փոխաբերական իմաստներն ու ընկալման հնարավորությունները հասարակությունում: Պետք է բացառվեն բոլոր տեսակի ֆեյքային բանակների հարձակումները:
     Կարևոր է լրագրողների ու լրատվամիջոցների դերը, որոնք պետք է առավել ուշադիր լինեն իրենց կողմից տարածվող տեղեկությունների բնույթի և նյութերի վերնագրերի նկատմամբ:
     Իսկ պետական կարգավիճակ ունեցող կամ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են նկատի ունենալ, որ իրենք, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, արձակուրդում լինելուց կամ չլինելուց, չեն դադարում պաշտոնյա լինելուց և սահմանափակված են իրենց իրավական կարգավիճակի սահմաններով, որից շեղումներն օրենքի խախտումներ են:
     Մարդուն չի կարելի ենթարկել խտրականության քաղաքական հայացքների համար:
     Ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության վրա, իսկ ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը»:

2275 | 2
Facebook