Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր՝ Արարատի մարզում. 2 քրգործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ
ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ, նախնական համաձայնության գալով, 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի, դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար, ընտրական ցուցակներում ընդգրկված մի քանի ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 9-ից մինչև հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և խոստացել են տրամադրել 20.000-ական ՀՀ դրամ կաշառք, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Առերևույթ ընտրակաշառքի երկրորդ դեպքն արձանագրվել է Արարատի մարզի Նորամարգ գյուղում: Դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում և Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, որ Ն.Մ.-ն Վ.Հ.-ի հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրապայքարին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար մարդկանց «հավաքագրելու» շուրջ, նրանից ստացել մոտ 540.000 ՀՀ դրամ գումար, որը բաժանել են իրենց մտերիմ շուրջ 36 անձի` որպես ընտրակաշառք` դաշինքի օգտին քվեարկելու համար՝ յուրաքանչյուր անձին տալով 15.000 ՀՀ դրամ: Կատարել է ստացողների ցուցակագրում, որը տվել է Վ.Հ.-ին: 2021թ. հունիսի 19-ին Վ. Հ.-ն ձերբակալվել է, սակայն ավելի ուշ դատարանի որոշմամբ ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ: Քրեական գործով ենթադրյալ ընտրակաշառք տալու կասկածանքով ներգրավվել է 2, իսկ ստանալու կասկածանքով՝ 6 անձ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործը քննչական ենթակայության կարգով ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցվել է ՀՀ ՀՔԾ-ին՝ նախաքննությունը շարունակելու համար: Երկու քրեական գործեի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում նաև այլ անձանց ներգրավվածությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար: |