Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքական ուժերը ձայն են ստանում նաև «Չարյաց փոքրագույնի» սկզբունքով». Նարեկ Սարգսյան

02:05, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
«Քաղաքական ուժերը ձայն են ստանում նաև «Չարյաց փոքրագույնի» սկզբունքով». Նարեկ Սարգսյան

ՀԱԿ անդամ, ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես համաձայն եմ այն պնդման հետ, որ Փաշինյանն այսքան ձայն չէր հավաքի, եթե այլընտրանքը չլիներ Քոչարյանը, իսկ Քոչարյանն այսքան ձայն չէր հավաքի, եթե այլընտրանքը չլիներ Փաշինյանը: Սակայն համաձայն չեմ այն մարդկանց հետ, որոնք սա խնդիր են համարում: Ի հեճուկս ինչ-որ մեկի (ինչ-որ մեկի ինադու)՝ ուրիշին ձայն տալը ժողովրդավարական համակարգի անբաժանելի մասն է, ես կասեի դա ժողովրդավարության ներքին հատկություններից մեկն է:

Ֆրանսիացիները երբեք Մակրոնին 70 տոկոս ձայն չէին տա, եթե այլընտրանքը չլիներ Լը Պենը: Մակրոնն առաջին փուլում 20-25 տոկոս էր հավաքել: 2002-ին Ժակ Շիրակը երբեք, նույնիսկ երազում չէր տեսնի 80 տոկոս, եթե նրա մրցակիցը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում լիներ ոչ թե հայր Լը Պենը, այլ սոցիալիստ Ժուսպենը: ԱՄՆ-ում մարդիկ երբեք Բայդենին 50-60 տոկոս չէին տա, եթե այլընտրանքը չլիներ Թրամփը: Թրամփը 2016-ին չէր ընտրվի, եթե այլընտրաքը չլիներ Քլինթոնը ևլն, ևլն:

Եթե Քոչարյանին հաջողվել է ինչ-որ քանակի մարդկանց հավատացնել, որ ինքն է Փաշինյանի այլընտրանքը և քվե է ստացել, լավ է արել: Քոչարյանին մեղադրելու էնքան բան կա, որ աբսուրդ է նրան մեղադրել դրանում: Եթե մեզ հաջողվեր, մենք կստանայինք 20 կամ շատ ավելի տոկոս: Եթե Փաշինյանին հաջողվել է ժողովրդին համոզել, որ Քոչարյանի հանցագործությունների դեմը միայն ինքը կարող է առնել, լավ է արել: Թող մեզ հաջողվեր՝ մենք կստանայինք 50-60 տոկոս ձայն:

Այնպես որ, հաշտվեք այն մտքի հետ, որ ժողովրդավարություններում, այո՛, քաղաքական ուժերը ձայն են ստանում նաև «Չարյաց փոքրագույնի» սկզբունքով: Սա շատ նորմալ, ընդունված բան է աշխարհի բոլոր ժողովրդավարություններում: Եթե չեք ուզում այսպես, ապա ի՞նչ եք ուզում՝ լցոնված քվեատուփե՞ր, շանտա՞ժ, «կառուսե՞լ», բազմակի քվեարկությո՞ւն, ընտրակաշա՞ռք և այլ սարսափելի հանցագործություննե՞ր: Դա՞ է ձեր ուզածը: Դե եթե դա չէ, ուրեմն՝ հաշտվեք այն մտքի հետ, որ արդար ընտրություններում խաղի կանոնների մեջ է մտնում նաև վերև նշված սկզբունքը»:

3121 | 0
Facebook