Հունիսի 19-ի դրությամբ՝ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 26 քրգործ է հարուցվել
Հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ամփոփել է ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ մինչև քվեարկության նախորդ օրը ներառյալ ստացված ահազանգերի, հաղորդումների և դրանցով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները: Նշված ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 338 հաղորդում և ահազանգ: Դրանցից՝ 123-ը ԶԼՄ հրապարակումներ են, 91-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, այդ թվում՝ նաև ստացված ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով, 2-ը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ, 65-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, 57-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ: Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 212 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշվածներից 77-ում առկա տեղեկությունները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, իսկ 135-ով ստուգողական գործողությունները շարունակվում են: Ընդհանուր 338 հաղորդումներից 126-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում դրանցից 35-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 65-ով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է: 26 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝
Նշված քրեական գործերով 14 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 7-ին՝ ընտրակաշառք վերցնելու, 6-ին ընտրակաշառք տալու և ընտրակաշառք տալու փորձի համար, 1-ին՝ ընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու և մասնակցելուն խոչընդոտելու համար: 7 անձ ունի կասկածյալի կարգավիճակ: 6 անձ կալանավորվել է, 6-ը՝ ձերբակալվել: ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել են նաև ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող 18 այլ դիմումներ, որոնք, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն պարունակել: Դրանց կապակցությամբ դիմողներին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը: Քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ՀՀ գլխավոր դատախազությունն օպերատիվ կերպով, որոշակի պարբերականությամբ կհրապարակի քվեարկության ընթացքում և դրա հետ կապված հնարավոր առերևույթ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների, ահազանգերի, հրապարակումների վիճակագրությունն ու դրանցով իրականացված աշխատանքները: |