Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՔԾ-ն՝ Արմեն Չարչյանի ձերբակալման մասին

21:50, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
ՀՔԾ-ն՝ Արմեն Չարչյանի ձերբակալման մասին

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայությունը:

Ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինիքի թեկնածու Ա. Չ.-ն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Ա. Չ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

6063 | 1
Facebook