Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մենք պետք է աջակցենք Ռոբերտ Քոչարյանին». Օնիկ Գասպարյան

15:45, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
«Մենք պետք է աջակցենք Ռոբերտ Քոչարյանին». Օնիկ Գասպարյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դուստրը՝ Հասմիկ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նրա հայտարարությունը.

«Հարգելի՛ հայրենակիցներ, իմ զինակի՛ց ընկերներ, իշխանությունը ցանկացած գնով պահպանելու մոլուցքը ստիպում է գործող իշխանությանը դիմել ամենակեղտոտ և անբարոյական քայլերի՝ վարկաբեկելով իրենց ապազգային գործունեությանն ընդդիմացող մարդկանց։
     Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ պատերազմի ժամանակ վարչապետի դերը կատարող անձը և իր թիմակիցները ՀՀ կառավարությունում դիտորդի կարգավիճակ են ունեցել։ Ցանկացած իրավիճակում մեղավորներ են փնտրում՝ իրենց ներկայացնելով անմեղ հրեշտակներ։
     Անժխտելի փաստ է, որ պատասխանատվությունից խուսափող ղեկավարը մեծագույն սպառնալիք է պետության համար։
     Ես բազմիցս հայտարարել եմ, որ պատասխանատվությունից չեմ խուսափում և պատրաստ եմ աջակցել պատերազմի արդյունքները քննող հանձնաժողովի աշխատանքներին, սակայն իշխանության ներկայացուցիչները շարունակում են շահարկել պատերազմի թեման՝ քաղաքական միավորներ հավաքելու համար։
     Իհարկե, մարդկանց վարկաբեկելու հարցում նրանք մրցակիցներ չունեն, բայց առաջարկում եմ սթափվել, և անհիմն հայտարարություններով չփորձել բոլոր մեղքերը բարդել ռազմական հրամանատարության վրա։ Նրանք ցանկացած գնով ձգտում են ինքնամաքրվել՝ նշանակելով մեղավորներ, և փակելով պատմության այս ողբերգական էջը՝ շարունակել վայելել իշխանության «բարիքները»։
     Մեր զոհված զինակից ընկերների թափված արյունը զրկել է մեզ ինքնապաշտպանվելու բարոյական իրավունքից, բայց չափերը պետք չէ անցնել։
     Օբյեկտիվ քննությունը ցույց կտա բոլորիս մեղավորության աստիճանը։
     Ինչ վերաբերում է իմ քաղաքական հայացքներին՝ ես 18 տարեկանից իմ կյանքը նվիրել եմ հայրենիքի պաշտպանությանը և ոչինչ չեմ խնայել թշնամու դեմ պայքար մղելիս: Երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել և, ըստ էության, ինձ համար տարբերություն չի եղել, թե ով է ներկայացնում իշխանությունը:
     Սակայն այսօրվա գործող իշխանությունների ապազգային գործունեությունը ստիպեց, որ պայքարեմ նրանց դեմ՝ պետության կործանման գործընթացը կասեցնելու նպատակով: Ես գտնում եմ, որ այս ծանր հետպատերազմյան ճգնաժամից Հայաստանը և Արցախը կարող են դուրս գալ միայն արհեստավարժ պաշտոնյաներով համալրված կառավարության ազգանվեր աշխատանքի շնորհիվ, որը պետք է ղեկավարի փորձառու քաղաքական գործիչ:
     Համոզված եմ, որ այս իրավիճակում մենք պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և բոլոր այն առողջ ուժերին, որոնք պայքարում են գործող իշխանությունների դեմ»:

4641 | 8
Facebook