Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ամեն ինչ արվում է, որ հասարակությունը մոռանա կապիտուլյացիան, զոհերն ու տարածքային կորուստները. «Փաստ»

09:30, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
Ամեն ինչ արվում է, որ հասարակությունը մոռանա կապիտուլյացիան, զոհերն ու տարածքային կորուստները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել։ Քաղաքական ուժերն իրենց բոլոր ջանքերը ներդրում են ամեն կերպ քաղաքացիների վստահության քվեն ստանալու և հանրության աջակցությանն արժանանալու նպատակով։ Սակայն շատ հաճախ անտեսվում է այն հանգամանքը, որ, ի վերջո, խորհրդարանական այս արտահերթ ընտրությունը առանձնանում է նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրություններից, քանի որ այն աղետալի իրողությունների հետևանք է։ Առաջին հայացքից կարող է տրամաբանական թվալ, որ այս իրադարձություններից հետո պարտության և կապիտուլյացիայի սիմվոլ դարձած իշխանությունները պետք է հրաժարական տային և մի կողմ քաշվեին՝ նույնիսկ համարձակություն չունենալով մասնակցել արտահերթ ընտրություններին:

Սա կլիներ ինչ-որ առումով արժանապատիվ հեռացում, բայց Փաշինյանի դեպքում արժանապատվության մասին խոսակցություններն ուղղակի ո՛չ արժեք չունեն, ո՛չ իմաստ։ Հնարավոր է՝ թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով աթոռից կառչելը ինչ-որ առումով պայմանավորված է նրանով, որ վերջինս պատկերացնում է, թե ինչպիսի քաղաքական ապագա է սպասվում իրեն ու իր թիմին։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է որքան հնարավոր է երկարացնել իր պաշտոնավարումը և անբովանդակ աղմուկ-աղաղակ բարձրացնելու միջոցով հանրության ուշադրությունը շեղել օրախնդիր հարցերից։ Ընդ որում, Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հասարակությունը մոռանա «Նիկոլի անվան կապիտուլյացիան», մեր հայրենիքի տարածքների կորուստը, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք, հազարավոր զոհերին ու վիրավորներին և մեր այն տղաներին, ովքեր իշխանությունների ապաշնորհության պատճառով մինչև հիմա տանջվում են Բաքվի բանտերում։

Ուստի պատահական չէ, որ իրեն երկրի ղեկավար հռչակած անձը հանդես է գալիս «մուրճ-մանգաղով», «շինելով», ճչալով-գոռալով, հիստերիաներով, «ձեռքեր կտրելով», ընդդիմադիրների հասցեին բազմապիսի հոխորտանքներով, ընդ որում՝ այդ ճանապարհին նաև իր թիմակիցներին «փուռը տալով», որ անհեթեթություններ դուրս տան և ուշադրությունը գրավեն իրենց վրա։ Այդպիսով, Փաշինյանը ոչ միայն ստանձնել է ատելության քարոզիչի գլխավոր առաքելությունը, այլև փորձում է մինչև վերջ օգտվել իր կարգավիճակի ու պաշտոնի ընձեռած հնարավորություններից, միայն թե հերթական անգամ խաբի հանրության մի հատվածին։

Դրա համար նա պատրաստ է ամեն ինչի, նա տրամադրված է պետական լծակները մինչև վերջ ծառայեցնել իր անձնական շահերին։ Ոչ թիմի, այլ միայն իր անձնական, որովհետև նա թքած ունի նաև թիմի վրա, այդ թիմն այսօր իրեն պետք է, կօգտագործի, վաղը պետք չի լինի, կթողնի: Հիմա նա զբաղված է Հայաստանի մարզերը «գրավելով»: Փաշինյանը, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իբր թե հեծանիվով էր աշխատանքի գնում և շոուներ կազմակերպում, թե ինքը չի տարբերվում մյուս քաղաքացիներից և հանգիստ կարող է քայլել փողոցով, արդեն տևական ժամանակ խուսափում է քաղաքացիների հետ ինքնաբուխ հանդիպումներից։ Նա մարզեր է այցելում թիկնապահներով ու հազարավոր ոստիկաններով շրջապատված»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2593 | 0
Facebook