Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Եվրոպայի առաջնության խաղեր՝ Բաքվում, Թբիլիսիում. մենք ունեցածն էլ վաճառեցինք. «Ժողովուրդ»

09:15, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
Եվրոպայի առաջնության խաղեր՝ Բաքվում, Թբիլիսիում. մենք ունեցածն էլ վաճառեցինք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեկնարկել է աշխարհի ամենամասսայական սպորտային իրադարձություններից մեկը` ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը. այն պետք է անցկացվեր 2020թ-ին, սակայն կորոնավարակի պատճառով հետաձգվեց մեկ տարով: Ինչևիցե, թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր ծայրերում հարյուրմիլիոնավոր մարդիկ գամված են էկրաններին ու դիտում են խաղերը, որոնք անց են կացվում Եվրոպական տարբեր քաղաքներում` Սանկտ Պետերբուրգ, Լոնդոն, Մյունխեն, Հռոմ, Ամստերդամ, Կոպենհագեն և Բաքու: Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն դառնում է սպորտային աշխարհի ուշադրության կենտրոն, սակայն ինչպես ասում էին, այն ժամանակ Հայաստանում գործում էր կարևորը «մենք հաղթած ենք, մնացածը կարևոր չէ» սկզբունքը, ու կարծես թե չէր երևում դա:

«Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը, որը չցանկացավ հնչեցնել իր անունը, մեզ հետ զրույցում ասաց, որ մինչև օրս ցավ են ապրում, թե ինչպես նախկին իշխանությունների թեթև ձեռքով սեփականաշնորհվեց լեգենդար «Հրազդան» մարզադաշտը, որին այն ժամանակ ճանաչում էին ֆուտբոլային աշխարհում բոլորը, մասնավորեցվեցին Կապանի, Մարտունու ու շատ այլ քաղաքների ստադիոնները, ու ամենավատն այն է, որ դրանց հետ ոչինչ չարեցին: Մի ամբողջ ֆուտբոլային Հայաստան, մի ամբողջ ֆուտբոլային սերունդ լեգենդար «Հրազդան»-ին կարողանում է նայել միայն դրսից ու հետևել գեղեցկուհու դանդաղ մահվանը: Հենրիխ Մխիթարյան ունեցող երկրում նորակառույց, ժամանակակից չափանիշներին համապատասխանող ստադիոն այդպես էլ չկառուցվեց:

Իհարկե, եթե հիմա հարցնես նախկին ցանկացած պաշտոնյայի, ապա նա բացառիկ հայրենասեր է, ում գործերն ուղղված էին բացառապես երկրի բարգավաճմանը, իրականությունը սակայն այլ է. անկախությունից հետո դեռ վայելում ենք կոմունիստական Հայաստանում մեր պապերի կառուցածը, նորը չենք արել, ոչինչ չենք ավելացրել, միայն մաշեցրել ու քանդել ենք:

Ի դեպ, գերժամանակակից մարզադաշտ ունի նաև Վրաստանը Թբիլիսիում և Բաթումիում, այստեղ ևս անցկացվել են խոշոր միջազգային հանդիպումներ, օրինակ` 2015թ-ին Վրաստանի մայրաքաղաքի «Դինամո Արենա» ստադիոնում անցկացվեց ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը. միմյանց դեմ մրցում էին «Բարսելոնան» ու «Սևիլիան», աշխարահռչակ Լեոնել Մեսսիի խաղը տեսնելու համար հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ գնացին Վրաստան, համաշխարհային մամուլն էր օրեր շարունակ գրում մեր հարևանների մասին:

Տարածաշրջանում միայն մենք ենք, որ միայն խոսում ենք՝ տարիներ շարունակ ագրեսիայի չափաբաժինն ավելացնելով: Գործ չի արվել մեր երկրում, մեր երկիրը կարելի էր շենացնել այս տարիների ընթացքում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3733 | 0
Facebook