Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր եղբայրները ճանապարհին են». Փաշինյանը հաստատեց 15 գերիների վերադարձի լուրը

19:20, շաբաթ, 12 հունիսի, 2021 թ.
«Մեր եղբայրները ճանապարհին են». Փաշինյանը հաստատեց 15 գերիների վերադարձի լուրը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ հաստատեց, որ 15 հայ գերի վերադառնում է Հայաստան։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Լավ լուր ունեմ` մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են Հայաստանի Հանրապետություն։ Սակայն ավելի մանրամասն հայտարարություն անել չեմ կարող` նրանք ճանապարհին են։ Երբ կլինեն ՀՀ տարածքում, ավելի մանրամասն կխոսեմ այդ մասին», - ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` շուտով Գավառում կայանալիք հանդիպմանը կխոսի այդ մասին մանրամասն։

Վարչապետի պաշտոնակատարը հավելեց` պետք է անմիջապես զբաղվել մյուսների վերադարձով. «Ուզում եմ նախապես ներողություն խնդրել այն ընտանիքներից, ում զավակներն այսօր չեն վերադառնում, և նրանք դեռ պետք է սպասեն։ Ցավոք, մենք չենք կարողանում բոլորին վերադարձնել։ Իհարկե, այսօր 15 ընտանիք իրենց երջանիկ կզգան, բայց մյուսների համար սպասման բեռն ավելի ծանր գուցե կդառնա», - ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ պաշտոնական Բաքվի՝ հայ գերիները փոխանակվել են Ակնայի ականապատ տարածքների քարտեզի դիմաց:

3161 | 0
Facebook