Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.

Համացանց

«Չմոլորվեք, գերիները վաղուց Հայաստանում կարող էին լինել». Հրանուշ Հակոբյան

20:40, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
«Չմոլորվեք, գերիները վաղուց Հայաստանում կարող էին լինել». Հրանուշ Հակոբյան

ՀՀ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չմոլորվեք, գերիները վաղուց Հայաստանում կարող էին լինել
     Արդեն երկու օր է բոլոր հարթակներից քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարը պատասխանում է Նախագահ Սարգսյանին, փորձում է զոհի կարգավիճակով ներկայացնել որդուն և ինքն էլ հերոսանալ, թե պատրաստ է որդուն հանձնել թշնամուն գերիների դիմաց, իսկ ձեզանից ոմանք էլ կարող է կուլ տան այս մոլորեցնող խայծը: Նախագահի խոսքը ապտակ էր բոլոր նրանց, ովքեր պարտավոր էին զբաղվել, բանակցել, օգտագործել բոլոր հնարավոր և անհնարին մեթոդներն ու ձևերը՝ գերության մեջ գտնվող հայ տղաներին վերադարձնելու համար, որպեսզի պակասի մղկտացող ծնողների թիվը, որպեսզի ազգը գոնե որոշ չափով հոգեկան հանգստություն գտնի: Ցավոք այսօր պարզից էլ պարզ է, որ ոչ մի բանակցություն էլ չի ընթանում, բանակցող էլ չկա…
     Այս կուսակցության ղեկավարը, իր բուն աշխատանքով զբաղվելու փոխարեն, թողել է պետությունը բախտի քմահաճույքին և գովազդի համար շահարկում է հայորդիների տառապանքը, գերության մեջ սպանվածների, որպես ռազմագերի դատվողների ճակատագիրը և փորձում է որդուն հերոսացնել:
     Չմոլորվեք, խնդրում եմ, քանի որ գերիներին նա վաղուց կարող էր վերադարձնել Հայաստան, եթե.
     1. 2020 թվականի նոյեմբերի խայտառակ հայտարարությունը ստորագրելիս՝ պահանջեր գերիների վերադարձի վերջնաժամկետ: Ինչու՞ բոլոր կետերը, որոնք ի դեպ հիմնականում ադրբեջանի շահերին են վերաբերում, ժամկետներ ունեն, իսկ 8-րդ կետը՝ ոչ,
     2. եթե մինչև 2021թ. հունվարի 10-ը չէին վերադարձրել մեր տղաներին, ապա ինչու՞ հունվարի 11-ին մեկնեց Մոսկվա, թող չգնար և հստակ պայման դներ,
     3. թող հունվարի 11-ին չստորագրեր մոսկովյան փաստաթուղթը և պահանջեր գերիների վերադարձ,
     4. ոչ մի բանակցություն չսկսեր ճանապարհների ապաշրջափակման մասին՝ մինչև գերիների հարցը չլուծվեր,
     5. երբ մեր տղաներին ալիև հրեշը չի վերադարձնում, ի՞նչ գաղտնի բանակցությունների մասին է խոսքը, ո՞վ է վարում այն, երբ մեր արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ…
     Պարզապես աշխարհում, պատմության մեջ բացառիկ դեպք է, երբ դիվանագետները, պետական ծառայության ամենազգուշավոր, ամենածանրակշիռ և փորձառու մարդիկ իրենց ցասումն արտահայտում են կոլեկտիվ հրաժարականով: Այս իրավիճակում վարչապետի պարտականությունները կատարողն էլ հպարտորեն հայտարարում է, որ ինքը կստորագրի այդ անհայտ թուղթը, որն իբր 100 տոկոս Հայաստանի շահն է պաշտպանում:
     Սիրելի՛ հայրենակիցներ, իմ քույրեր և եղբայրներ, ցանկացած հարց ունի լուծում, սակայն այն լուծող պետք է ունենա: Խնդրում եմ, հորդորում եմ այս անգամ էլ չխաբվեք, չհավատաք կեղծ հռետորաբանությանը, սին կոչերին, երկիրը պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալները, կարող, փորձված, հայրենասեր գործիչները: Դուք այսօր ունեք ընտրելու հնարավորություն՝ նժարին մեր ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԱԶԳԱՅԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ։

| | |
3693 | 0
Facebook
COMMENT.am