Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանը նորի ու հնի դիմակայության եզրին է». Արման Բաբաջանյան

22:25, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Հայաստանը նորի ու հնի դիմակայության եզրին է». Արման Բաբաջանյան

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանն, ըստ էության, նորի ու հնի դիմակայության եզրին է: Իրավիճակը շատ ավելի լայն է, քան նախկինն ու ներկան: Որովհետև նախկինն ու ներկան ավելի շուտ դիտարկվում է նախկին կառավարող համակարգ և ներկա իշխանություն համատեքստում, իսկ նորն ու հինը Հայաստանի համար արդիականացման լրջագույն ճամփաբաժանի և ռազմավարական խնդրի հանգամանքն է, որովհետև խոսքը հին և նոր մտածողության, պատկերացումների, համաշխարհային կյանքի, և դրանում հայկական պետականության ու համահայկական շրջանակի դերի, կենսագործունեության գնահատականի արդիականության խնդիրն է:
     Մենք պատկերացնում ենք այդ ամենը հին «դիսկուրսի» շրջանակում, որում եղել է և տարբեր փուլերում Հայաստանում իշխանություն եղած մտածողությունն ու մոտեցումը, թե՞ մենք կարողանում ենք համարժեք գնահատել նոր աշխարհը, փոփոխվող աշխարհը և ըստ այդմ, բերում ենք այդտեղ մեր անելիքների նոր մեկնություն և ուղենիշ՝ առաջարկելով այն հանրությանը:
     Սա է հասարակության առանցքային խնդիրը ներկայիս արտահերթ ընտրության գործընթացում, ըստ այդմ այդ տիրույթում պետք է կողմնորոշվեն և պատասխանատվություն ստանձնեն քաղաքական մասնակիցները՝ նրանք բերում են հինը, մենք սխալ էինք կամ մենք ճիշտ էինք զանազան ձևակերպումներով և ինքնահաստատումներով, թե՞ բերում են նորը. մենք սխալ էինք, թե ճիշտ, այսօր, ըստ էության, չունի նշանակություն, որովհետև սխալն էլ, անգամ ճիշտն էլ, մնացել են ուրիշ աշխարհում, և հիմա բոլորովին այլ համաշխարհային իրավիճակ է, բոլորովին այլ պահանջներով:
     Սա չի նշանակում, որ Հայաստանը սկսում է զրոյից, կամ պետք է սկսի զրոյից: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է սկսի նորից՝ նոր էջից, որովհետև նոր էջ է համաշխարհային կյանքում, որտեղ, անշուշտ, հաշվի են առնվում նախորդ էջերի բովանդակությունները, սակայն փնտրվում են նոր լուծումներ, նոր բանաձևեր, նոր գաղափարներ, ու այդ գործում հաջողել կարողացող պետություններն ու հանրություններն են, որ շոշափում են իրենց տեղը նոր աշխարհում:
     Սա պետք է լինի Հայաստանի առաջիկա ընտրապայքարի, և թերևս, ընդհանրապես, առաջիկա քաղաքական նվազագույնը՝ միջնաժամկետ հեռանկարում կառուցողական, ստեղծարար իմաստով «բաժանարար գիծը» և մեծ հաշվով նաև հանրային գնահատման չափանիշը»:

| | |
1042 | 0
Facebook
COMMENT.am