Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ադրբեջանի սամբոյի հավաքականը ոչ մարզական պահվածքի համար հեռացվել է Եվրոպայի առաջնությունից

12:35, շաբաթ, 29 մայիսի, 2021 թ.
Ադրբեջանի սամբոյի հավաքականը ոչ մարզական պահվածքի համար հեռացվել է Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտնում է. «Մայիսի 26-ից 29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անց է կացվում Սամբոյի Եվրոպայի առաջնությունը:
     Մայիսի 26-ին կայացավ պատանիների առաջնությունը, 27-ին՝ երիտասարդների:
     Մայիսի 28-ին մրցասպարեզը տրամադրվել էր տղամարդկանց, կանանց ու մարտական սամբոյի հավաքականների ներկայացուցիչներին:
     Հայաստանը ներկայացնող Արամ Աղաջանյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:

Սակայն, օրվա գլխավոր իրադարձությունը ծավալվեց եզրափակիչների խաղարկության ընթացքում ու կրեց անցանկալի, տհաճ բնույթ:
     «Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին ՌԴ ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, ախոյանը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքշուկ ու անկարգություն: Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»,- հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Այնուհետ պաշտոնական հաղորդագրություն տեղադրվեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կայքում, որով իրազեկվում էր, որ «Ադրբեջանի թիմը ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել և հեռացվել է առաջնությունից: Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բոլոր սամբիստների արդյունքները չեղարկվել են»:

5972 | 0
Facebook