Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի շփումների արդյունքում համաձայնություն կա, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը». ԱԽ քարտուղար

10:20, չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ.
«Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի շփումների արդյունքում համաձայնություն կա, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը». ԱԽ քարտուղար

«Մենք պահանջ ենք ներկայացրել, որ ադրբեջանցիները լքեն ՀՀ սուվերեն տարածքը, բայց նրանք շարունակում են մնալ և պրովոկացիաներ անել»,- այս մասին երեկ՝ Հանրային հեռուտաընկերության եթերում սահմանային իրավիճակը ներկայացնելիս ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Գործընթացը գնում է, որ այս ամբողջ ինֆորմացիան փոխանցենք ՀԱՊԿ-ին, քննարկումներ սկսենք, հասկանանք, թե իրավիճակին ինչ լուծում ենք տալու»,- նշել է Գրիգորյանը:

Անդրադառնալով երեկ Վերին Շորժայում հակառակորդի կրակոցի հետևանքով հայ զինծառայողի զոհվելու դեպքին, Գրիգորյանն ասել է․ «Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի խնդիրն արագ լուծում ստանա՝ հակառակ դեպքում այս լարվածությունը կարող է որևէ միջադեպով ամբողջովին վերահսկողությունից դուրս գալ»։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ ՀՀ-ը շարունակում է ակնկալել, որ ՀԱՊԿ-ը կմիջամտի, որպեսզի իրավիճակը հանգուցալուծում ստանա։

«Մենք մեր բոլոր գործընկերներին ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, որ Ադրբեջանն անհապաղ պետք է լքի ՀՀ տարածքը․ սրա շուրջ որևէ բանակցություն չի կարող լինել»,- շեշտել է նա։

Գրիգորյանը նշել է, որ ՀԱՊԿ-ը պարտավորություն ունի նաև առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի կամ ստեղծված իրավիճակում տվյալ պետության տարածք։

«Պետք է նշեմ, որ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի շփումների արդյունքում նաև համաձայնություն կա, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը։ Դիրքորոշումն այդպիսին է և բոլորը, կարելի է ասել, կիսում են այն»,- հավելել է Գրիգորյանը:

Հարցին, թե ՌԴ նախագահը նույնպես կիսում է այդ դիրքորոշումը, ԱԽ քարտուղարը պատասխանել է՝ այո՛։

5879 | 0
Facebook