Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ նախագահը ԶՈՒ-ին, ԳՇ-ին և ԱԱԾ-ին կոչ է արել ձեռնարկել խստագույն միջոցառումներ

18:35, չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ.
ՀՀ նախագահը ԶՈՒ-ին, ԳՇ-ին և ԱԱԾ-ին կոչ է արել ձեռնարկել խստագույն միջոցառումներ

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել. «Այս օրերին բոլորիս ուշադրությունը հասկանալիորեն սևեռված է մեր սահմաններին. ադրբեջանական զինուժը Սյունիքում և Գեղարքունիքում խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանը և արդեն մի քանի օր ապօրինի գտնվում է մեր երկրի տարածքում:
     Ներկա իրավիճակում առանձնահատուկ կարևոր է պետության և պետական կառույցների կողմից երկիրը ճգնաժամից հանելու անվերապահ պատասխանատվությունը, հատկապե՛ս անվտանգության ապահովման հարցերում:
     Հորդորում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն իրենց գործառույթների շրջանակում գործադրեն բոլոր ջանքերը և ձեռնարկեն ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:
     Ոչ պակաս կարևոր է մեր դիվանագիտական զինանոցի կիրառումն իր ողջ ուժով: Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումը, միջազգային գործընկերների հետ համագործակցության և դաշնակցային հարաբերությունների խորացումն անհրաժեշտություն են: Այդ հարաբերությունները պետք է կառուցել իրատեսական և նպատակային օրակարգի հիման վրա: Պետք է գործարկել թե՛ ավանդական և թե՛ հանրային դիվանագիտության ամբողջ գործիքակազմը, ներգրավել Սփյուռքը և օգտագործել բոլոր ռեսուրսները:
     Ստեղծված իրավիճակը և մեր գործելակերպն ու արձագանքը պետք է հասկանալի և ընկալելի լինեն մեր միջազգային գործընկերների համար:
     Հասարակությունը պետք է ժամանակին և ճշգրիտ իրազեկված լինի տեղի ունեցող գործընթացների մասին՝ վստահ լինելով, որ ինքը պաշտպանված է, որ պետությունը, անկախ քաղաքական կամ այլ գործոններից, իրականացնում է իր գործառույթները:
     Սիրելի՛ հայրենակիցներ,
     Ստեղծված իրավիճակում վերստին հրամայական է համազգային միասնականությունը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք: Միայն այդ դեպքում կարող ենք լուծել անվտանգային, տնտեսական, ներքաղաքական և մյուս բոլոր խնդիրները: Պետք է գիտակցել, որ մենք ունենք մի սահման՝ Հայրենիքի սահմանը:
     Որպես պետություն և ազգ մենք պետք է ունենանք մեկ՝ համապետական և համազգային օրակարգ: Յուրաքանչյուրս՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր դերակատարմամբ պետք է գործենք այդ միասնական օրակարգի շրջանակում: Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահերը կարող է ներկայացնել ու պաշտպանել միայն ուժեղ, կայուն, միասնական և համախմբված Հայաստանը»:

131007 | 0
Facebook