Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանդիպել են Արա Այվազյանն ու Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետը

21:35, շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
Հանդիպել են Արա Այվազյանն ու Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետը

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով փոխվարչապետ Թալաբանիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է, որ թեև այցը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում, այն խորհրդանշական է պատմական ամուր կապերով միահյուսված հայ-քրդական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը գոհունակությամբ ընդգծել է վերջին շրջանում Իրաքի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Արա Այվազյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` խորացնելու և ընդլայնելու Իրաքյան Քուրդիստանի Ինքնավարության հետ փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և տեղի իշխանությունների միջև հաստատված սերտ կապերը:

Անդրադարձ է կատարվել հեռանկարային ուղղություններ հանդիսացող բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին։

Երկուստեք բարձր է գնահատվել Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումը ինքնավարության քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր։ Առանձնահատուկ կարևորվել է Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ու պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը: Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Էրբիլի Ասորական ժառանգության թանգարանի միջև ձեռագրերի արդիականացման և վերականգման շուրջ համագործակցությունը:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը պատվիրակության անդամներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը։

2095 | 0
Facebook