Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեռախոսազրույց եմ ունեցել Տաջիկստանի ԱԽ քարտուղարի հետ». Արմեն Գրիգորյան

18:25, շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
«Հեռախոսազրույց եմ ունեցել Տաջիկստանի ԱԽ քարտուղարի հետ». Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հետ:
     Խոսակցության սկզբում շնորհավորեցի Նասրուլլո Մախմուդզոդային նախօրեին Տաջիկստանում նշված Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ:
     Այնուհետև իմ տաջիկ գործընկերոջը ներկայացրեցի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքը:
     Կարևորելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը այս հարցում, միևնույն ժամանակ առանձնակի կարևորեցի Տաջիկստանի, որպես այս պահին ՀԱՊԿ նախագահող երկրի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը ինքնին աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար և այս առումով յուրօրինակ փորձություն ու իմիջային հարց, որպես միջազգային անվտանգային կառույցի համար:
     Ներկայացնելով ստեղծված իրավիճակը շեշտեցի, որ Հայաստանը իրադրությունը ընկալում է, որպես ոտնձգություն իր սուվերենության և տարածքային ամբողջականության հանդեպ և ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակներում համարժեք արձագանք:
     Քննարկեցինք ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ կանոնակարգերով և փաստաթղթերով նախատեսված գործիքակազմերի և արձագանքման հնարավոր տարբերակների հետ կապված հարցերը:
     Նասրուլլո Մախմուդզոդան իր հերթին կարևորեց հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատեց հայկական կողմի զսպված և հավասարակշռված մոտեցումը:
     Նասրուլլո Մախմուդզոդան կարևորելով հարցի արագ լուծման համար հնարավոր բոլոր մեխանիզմների գործարկումը՝ պատրաստակամություն հայտնեց ՀԱՊԿ շրջանակներում, որպես նախագահող երկրի ներկայացուցիչ՝ աջակցել հարցի խաղաղ և արագ լուծմանը:
     Ստեղծված իրավիճակի համատեքստում կարևորեցինք մոտ օրերս Դուշանբեում անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը»:

2368 | 0
Facebook