Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սյունիքի մարզպետը պնդում է, թե ադրբեջանցիները եկել են՝ դիտակետ դնեն, մոլորվել են

18:48, չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ.
Սյունիքի մարզպետը պնդում է, թե ադրբեջանցիները եկել են՝ դիտակետ դնեն, մոլորվել են

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարում է, թե հակառակորդը առաջ չի եկել, այլ մոլորվել է։

«Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են: ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետը՝ պնդելով, որ այս պահին բարձրանում է Սև լիճ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու:

Մինչդեռ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը հայտարարել էր, որ հակառակորդը գիշերն առաջացել է Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ՝ առանց որևէ կրակոցի։

«Բանակցություններ են գնում, մարտեր չեն ընթանում։ Մենք այնտեղ զինվոր չենք ունեցել, որ մարտեր լինեն։ Տարածքն ազատ է եղել, ո՞ւմ հետ պետք է մարտ վարեին»,- ասել է Մենուա Հովսեփյանը։ Իսկ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ նշել է, որ հակառակորդը Քարվաճառի կողմից է առաջ եկել Իշխանասար 200-ից ավելի զորքով և կտրել են մեր դիրքերը Հայաստան բերող ճանապարհից:

ՀՀ ՊՆ-ն ևս հաստատել էր, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

«Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,- հայտնել էր ՊՆ-ն, ինչով հերքվում է փաստացի Սյունիքի մարզպետի հայտարարությունը, թե հակառակորդը մոլորվել է։

5181 | 0
Facebook