Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի և Արցախի մնացուկների ապագայի համար այս ընտրությունը ճակատագրական է լինելու»․ Հովհաննես Մանուկյան

21:52, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
«Հայաստանի և Արցախի մնացուկների ապագայի համար այս ընտրությունը ճակատագրական է լինելու»․ Հովհաննես Մանուկյան

«Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ընտրական ցիկլն այլևս անդառնալի է։ Հետպատերազմյան Հայաստանի և Արցախի (ավելի շուտ` Արցախի մնացուկների) ապագայի համար այս ընտրությունն ու առաջիկա ամիսներն ու տարիները ճակատագրական են լինելու։ Այս ընտրության և դրա արդյունքում ձևավորվելիք իշխանության որակն է որոշիչ լինելու, թե ինչ ապագա կունենա մեր հայրենիքը և հայ ժողովուրդն ընդհանրապես։
     Հայաստանյան էլիտայի և էլեկտորալ ողջ հանրույթի համար պետք է թափանցիկ և հասկանալի լինեն հայկական պետության ապագայի մասին բոլոր քաղաքական հայտատուների տեսակետները։
     Այդ իսկ պատճառով ծայրահեղ անհրաժեշտություն է իրականացնել մի քանի կարևորագույն և առանցքային հարցերի շուրջ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների իրական մտադրությունների լյուստրացիա։
     Ընտրական պայքարի հիմնական խաղացողները պետք է հայտնեն իրենց դիրքորոշումը և տեսլականը, մասնավորապես, հետևյալ հարցերի վերաբերյալ.
     - Արցախի կարգավիճակի,
     - Պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից նախկին ԼՂԻՄ տարածքի մի մասի և Շուշի քաղաքի բռնազավթման և դրանց` Արցախի իրավազորության տակ վերադարձնելու,
     - Հայաստանի Սյունիքի տարածքով Ադրբեջանին տրանսպորտային միջանցք տրամադրելու թույլատրելիության,
     - Այսպես կոչված տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի ենթակառուցվածքները և տնտեսությունը Թուրքիայի և Ադրբեջանի համար «բացելու», նման հնարավորություն տեսնելու դեպքում այդ քայլին գնալու ժամկետների, դրա հետևանքով հնարավոր տնտեսական և անվտանգային սպառնալիքների չեզոքացման ուղիների,
     - Նոր պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, ռիսկերի դիվերսիֆիկացիայի, Ռուսաստանի Դաշնության` որպես ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ռեսթարթի, աշխարհաքաղաքական հիմնական դերակատար երկրների և դաշինքների հետ Հայաստանի հարաբերությունների հայեցակարգի,
     - Սահմանադրության վերանայման, մասնավորապես, խորհրդարանական կառավարման գործող մոդելի, նախագահական համակարգի վերադառնալու նպատակահարմարության, դատական իշխանության սահմանադրական մոդելի փոփոխության անհրաժեշտության մասին։
     Այս հիմնահարցերի մասին դիրքորոշումները պիտի պարունակեն նաև դրանց կենսագործման և իրացման մեթոդները, ուղիները և այն ռեսուրսները, որոնք կիրառվելու են կոնկրետ քաղաքական խնդիրները լուծելիս»։

| | |
1654 | 0
Facebook