Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Բանակի դեմ հարձակումների հետևանքները դեռ երկար են իրենց բացասական ազդեցությունը թողնելու». Տիգրան Աբրահամյան

17:48, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
«Բանակի դեմ հարձակումների հետևանքները դեռ երկար են իրենց բացասական ազդեցությունը թողնելու». Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմն ու դրան հետևած գործընթացները՝ պարտության և ողբերգության ողջ պատասխանատվությունը բանակի, հրամանատարության, զինվորականների, պահեստազորայինների և կամավորականների վրա բարդելը, իշխանության համար երկու հիմնական նպատակ ուներ՝ ազատել քաղաքական վերնախավին թիվ մեկ մեղավոր և պատասխանատու լինելու դերից ու արտահերթ ընտրությունների միջոցով ապահովել իշխանության վերարտադրությունը:

Զինվորականին, բանակը վարկաբեկելու գործընթացը, որը սկիզբ առավ 2018 թվականին, արդեն երկու տրանսֆորմացիոն պրոցեսի է ենթարկել և իշխանությունը, օրվա իրողությունների և պահանջների համահունչ, անընդհատ նոր՝ խորը փորձությունների է ենթարկում:

Անվտանգության համակարգն իր բոլոր բաղադրիչներով մեկ օրում չի կառուցվել և բնական է, որ ներքին դիմադրությունն այս ողջ ընթացքում մշտապես եղել է, սակայն պատերազմն արագացրեց գործընթացները և համակարգի իմունիտետի լուրջ խնդիր կա:

Ինչ բանակ էլ հետագայում կառուցենք, վերափոխենք կամ բարեփոխենք՝ հիմքում պրոֆեսիոնալ զինվորականներն են լինելու, իսկ բանակի դեմ հարձակումների հետևանքները դեռ երկար են իրենց բացասական ազդեցությունը թողնելու նոր համակարգի կառուցման վրա:

Սպաները բանակի ողնաշարն են և որոշ բացառություններ մի կողմ դնելով՝ պետք է արձանագրել, որ օրվա ծանր իրողությունների պայմաններում էլ նրանք շարունակում են բավականին ծանր պայմաններում ծառայություն կրել:

Երբ խոսում ենք սահմանային ենթակառուցվածքների բացակայության կամ ոչ բավարար մակարդակի, կենցաղի, սպառազինության և մնացած խնդիրների մասին, միշտ պետք է հիշել, որ նույնիսկ այս պայմաններում, ավելի բարդ պայմաններում, մեր զինվորականներն իրենց բարձր առաքելությունը շարունակում են կատարել»:

| | |
4642 | 0
Facebook