Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հաղթանակը չենք կապիտալիզացրել, անցած տարիները մսխվել են». Էդմոն Մարուքյան

12:44, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
«Հաղթանակը չենք կապիտալիզացրել, անցած տարիները մսխվել են». Էդմոն Մարուքյան

Այսօր՝ մայիսի 9-ին Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց՝ ակնհայտ է, որ յուրաքանչյուր հաղթանակ պետք է կապիտալիզացնել, դարձնել ուժեղ պետություն: Ըստ նրա՝ այսօր այն օրն է, որ գիտակցում ենք, որ լավ չենք կառուցել մեր պետությունը, չենք արժևորել հաղթանակները:

«Այն մարտահրավերը, որ մեզ նետվեց 2020-ին, ցույց տվեց, որ մենք հաղթանակը չենք կապիտալիզացրել, անցած տարիները մսխվել են: Պարզ է, որ այսօրը շատ տխուր օր է դարձել: Անցած տարի այստեղ այնքան մարդ կար, որ իրար հրում էին, բոլորն իրար շնորհավորում էին, հիմա էլ ենք շնորհավորում, բայց ոչ այդքան մարդ կա, ոչ տրամադրություն կա, ոչ էն հպարտությունը կա, կոտրված ենք բոլորս»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե այս պարտության քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը, Մարուքյանն արձագանքեց. «Ժողովուրդը թող այդ պատասխանատվությունը որոշի հունիսի 20-ի ընտրություններում: Ոչ ես եմ որոշում, ոչ դուք: Բարոյական է, բարոյական չի, պատասխանատու է, պատասխանատու չի, ես այսօր չեմ էլ ուզում անդրադառնալ այդ թեմաներին: Մեզ պետք է համախմբվել, պետք է Հայաստանը դարձնել 10 միլիոն հայի երկիրը: Մենք կարող ենք ոտքի կանգնել և շարժվել առաջ»:

7138 | 0
Facebook