Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը և կից փաթեթը». Ռուստամ Բադասյան

13:28, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
«ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը և կից փաթեթը». Ռուստամ Բադասյան

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը և կից փաթեթը:

Սպասված ու կարևոր է նոր Օրենսգրքի ընդունումը: Վստահ եմ, որ այն մեր պետության քրեական քաղաքականությունը տեղափոխելու է որակական նոր փուլ:

Ընդամենը մի քանի կետով ներկայացնեմ բարեփոխումների հիմնական ուղղությունները.

. Որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը: Ընդլայնվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ցանկը՝ այդպիսով ազատազրկումը դիտելով որպես ծայրահեղ միջոց և հնարավորություն տալով անձին վերասոցիալականացնել՝ չմեկուսացնելով հասարակությունից։

. Կատարելագործվել են ներկայում գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը:

. Հստակ սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները:

. Ներդրվել են կոռուպցիայի դեմ պայքարի, հանցագործությունների բացահայտման արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, համագործակցության վարույթը (վերջինս ավելի շուտ ուժի մեջ կմտնի` ապահովելով հնարավորինս շուտ նշված գործիքի կիրառումը):

. Կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները:

Քրեական օրենսգրքի նախագծին կցվել էր նաև գործող քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերը, որոնցով ներդրվելու են համաձայնեցման և համագործակցության վարույթները: Այս վարույթներով հնարավորություն է տրվում.

. Ընդունել մեղքը և բանակցել նշանակվող պատժի, հանցավոր ծագում ունեցող գույքի վերադարձի հետ կապված հարցերի շուրջ.

. Բացահայտել հանցագործությունները և դրա փոխարեն ակնկալել մեղմ պատիժ.

. Խնայել մի դեպքում նախաքննական մարմնի, մյուս դեպքում՝ դատարանի ռեսուրսները, նպաստել նրանց ծանրաբեռնվածության նվազմանը:

Կատարված աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի խորհրդին, Նախագիծը մշակած աշխատանքային խմբին և, բնականաբար, Արդարադատության նախարարության ներգրավված աշխատակիցներին, որոնք մեծ ջանքեր են գործադրել Նախագիծը մեր ռազմավարական մոտեցումներին առավել համապատասխանեցնելու և վերջնական տեսքի բերելու մասով»:

| | |
638 | 0
Facebook