Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շուշիում եկեղեցու գմբեթների ապամոնտաժումն անհանգստություն է առաջացրել Լեռնային Ղարաբաղում. #КавказскийУзел

22:12, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
Շուշիում եկեղեցու գմբեթների ապամոնտաժումն անհանգստություն է առաջացրել Լեռնային Ղարաբաղում. #КавказскийУзел

Աշնանը՝ Ղարաբաղյան հակամարտության սրացումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում ապամոնտաժվել են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները: Քաղաքը կարող է կորցնել իր հայկական տեսքը, մտահոգված են Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ու բնակիչները, գրում է Кавказский Узел-ը։

Մայիսի 3-ին սոցցանցերում հայտնվել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի լուսանկարները, որոնցում երևում է, որ տաճարից հանվել է գմբեթը:

Մասնավորապես, գմբեթի հեռացման մասին հայտնել է ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Նա հրապարակել է լուսանկար, որտեղ գմբեթներ չկան։ Լուսանկարը մեկնաբանել է ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա հայտարարել է քաղաքում հայկական ներկայությունը ջնջելու փորձի մասին։

Ընդ որում, նա նշել է, որ հարցն այն մասին է, թե ինչ գործողություններ են ձեռնարկվում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային հուշարձանների նկատմամբ, ամեն օր բարձրացվում է, բայց «քննադատություններից ու կոչերից այն կողմ այն չի անցնում, այնինչ հստակ քայլեր են պետք»:

Արցախի մշակութային ժառանգության պահպանման հասարակական խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը կոչ է արել ազդել ռուսական կողմի վրա՝ հայկական մշակութային հուշարձանները պաշտպանելու նպատակով:
     Սոցցանցի օգտատեր Արթուր Եղիազարյանը մայիսի 3-ին իր էջում հրապարակել է տաճարի լուսանկարները: «Շուշիի

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու արտաքին տեսքը հիմա։ Մի քանի օր առաջ հանել էին 4 հրեշտակների արձանները, անհետացրել եկեղեցու բակում դրված խաչքարը, իսկ այսօր տեսնում ենք, որ քանդել են գմբեթը»,- գրել է Եղիազարյանը։

Ստեփանակերտի բնակիչները Кавказский Узел-ի թղթակցին իրենց կարծիքն են հայտնել հայկական մշակութային հուշարձանների ճակատագրի վերաբերյալ․ «Այն բանից հետո, երբ քանդեցին Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին, հասկացա, որ գալու է այն օրը, երբ սկսեն քանդել նաև Ղազանչեցոց տաճարը: Հասկանալի է, որ նրանց նպատակը Շուշիում հայկական ամեն ինչ ջնջելն է։ Եվ շատ ցավալի է, որ ոչ հայկական կողմը, ոչ միջազգային հանրությունը, ոչ ռուսական խաղաղապահ զորակազմը չեն ազդում ադրբեջանական կողմի գործողությունների վրա»,- ասել է Շուշիից տեղահանված, այժմ Ստեփանակերտում բնակվող Արտյոմ Պողոսյանը։

Նինա Աթաջանյանը պատմել է, որ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում մկրտվել են իր 3 երեխաները: «Ինձ համար շատ ցավալի է, որ մենք թույլ ենք տվել, որ ծաղրեն մեր հոգևոր հուշարձանները»,- ասել է նա:

Նշվում է, որ Ղազանչեցոց եկեղեցուց գմբեթների հեռացման վերաբերյալ ադրբեջանական կողմից մեկնաբանություններ առայժմ չկան:

4868 | 0
Facebook