Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուսաստանն ստիպվա՞ծ է հանդուրժել Թուրքիային, թե՞ Ռուսաստանն է որոշում այստեղ ամեն ինչ ու նրա դեմ խաղ չկա». Հ. Բադալյան

18:28, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«Ռուսաստանն ստիպվա՞ծ է հանդուրժել Թուրքիային, թե՞ Ռուսաստանն է որոշում այստեղ ամեն ինչ ու նրա դեմ խաղ չկա». Հ. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ խոսում եմ այն մասին, որ Ռուսաստանը անկարող է զսպել Թուրքիային, հաճախ ընկալվում կամ մեկնաբանվում է իբրև Ռուսաստանի քաղաքականության արդարացում:
     Իրականում այս հարցը թերևս առանցքային է: Ինչպես ենք մենք դիտարկում Ռուսաստանի քաղաքականությունը: Մոսկվա՞ն է Թուրքիային բերել ռեգիոն՝ եթե չցանկանար, չէր բերի, թե՞ այդուհանդերձ Մոսկվան ստիպված է եղել հանդուրժել Թուրքիայի ռեգիոն գալը:
     Բանն այն է, որ, երբ ասում ենք Մոսկվան է բերել, կամ այլ կերպ ասած՝ այս ռեգիոնում ամեն ինչ վճռում է Մոսկվան, ուրեմն նշանակում է, որ այստեղ չկա Մոսկվայի դեմ խաղ: Դրանից մեր հետևությունը պետք է լինի ոչ թե ընդդիմանալ Մոսկվային, այլ անել ամեն ինչ, որ նա հանկարծ չունենա մեզանից որևէ դժգոհություն: Որովհետև, եթե նրա որոշումով է ամեն ինչ, ապա մեր որևէ քայլից ունեցած ցանկացած դժգոհության պարագայում կպատժի մեզ:
     Իսկ, եթե մենք դիտարկում ենք, որ ռուսները չունեն այս ռեգիոնում միանձնյա որոշում կայացնելու կամ այսպես ասած «բանալու» իրավունք և դա ընդամենը քարոզչական իներցիոն «դրույթ» է, ապա այդ դեպքում բնականաբար մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ունենանք այլընտրանքներ, որպեսզի ունենանք որոշում կայացնող այլ ուժային կենտրոնների հետ հաղորդակցության բավարար մակարդակ՝ մեզ համար անցանկալի որոշումներ թույլ չտալու համար:
     Ես կարծում եմ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո այս ռեգիոնում Մոսկվայի դեմ կա խաղ: Երբ Մոսկվան գործակցում է Արևմուտքի հետ, այդ խաղը չի ընթանում, իսկ երբ դադարում է գործակցել՝ ռեգիոնում Մոսկվայի դեմ խաղը թափ է հավաքում, և առանցքայինը՝ Թուրքիայի միջոցով:
     Ընդ որում, այն, որ ռուսները այսօր ստիպված են հանդուրժել Թուրքիային և գնալ նրա հետ շատ բաներ կիսելու, բոլորովին չի արդարացնում Հայաստանի հանդեպ ռուսական վերնախավի քաղաքականությունը:
     Պարզապես, հայկական վերնախավերի խնդիրը, կամ վերնախավության հավակնորդների, ոչ թե պետք է լինի արդարացում կամ դատապարտում սահմանելը, այլ մոտիվները հասկանալն ու ըստ այդմ լուծումներ գտնելը: Դրա համար է շատ կարևոր ու հանգուցային դառնում, թե մենք ինչ ենք պատկերացնում՝ Ռուսաստանն ստիպված է հանդուրժել Թուրքիային, թե՞ Ռուսաստանն է որոշում այստեղ ամեն ինչ ու նրա դեմ խաղ չկա: Որովհետև այս երկու հանգամանքից, ըստ իս բխում են էապես տարբեր եզրահանգումներ»:

| | |
1733 | 0
Facebook
COMMENT.am