Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ դատարաններում կարող են վերսկսել Թուրքիայի դեմ հայցերի քննությունը

11:12, չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
ԱՄՆ դատարաններում կարող են վերսկսել Թուրքիայի դեմ հայցերի քննությունը

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի դատարաններում կարող են վերսկսել Թուրքիայի դեմ ավելի վաղ կասեցված հայցերի քննությունը՝ ամերիկյան իշխանությունների կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից հետո, РИА Новости-ին հայտարարել է Նիդեռլանդներում «Աբովյան» հայկական մշակութային միության ներկայացուցիչ Ինգե Դրոստը:
     ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին պաշտոնապես ցեղասպանություն է ճանաչել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները։
     «Մինչ այժմ ԱՄՆ դատարանները հրաժարվում էին ընդունել հայերի բողոքները՝ նշելով, որ ամերիկյան վարչակազմը չի ճանաչում ցեղասպանության փաստը։ Այժմ իրավիճակը փոխվել է, և մենք ակնկալում ենք, որ այդ հայցերը կվերանայվեն ԱՄՆ-ի տարածքում»,- ասել է հայ ակտիվիստը։
     Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր հեռանկարներ է բացում պատմական արդարության հաստատման համար, այդ թվում՝ փոխհատուցման մասով։
     Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայում զայրացած են և հասկանում են ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը:
     «Մյուս կողմից, Թուրքիան չի կարող վատացնել հարաբերությունները Վաշինգթոնի հետ՝ ԱՄՆ-ից և Եվրոպայից իր տնտեսական և ռազմական կախվածության պատճառով»,- հավելել է ակտիվիստը:
     Անդրադառնալով Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված իրավիճակին՝ նա նշել է, որ երկրի խորհրդարանը բազմիցս կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ձևակերպել այդ նախաձեռնությունը։
     «Նիդերլանդների կառավարությունը՝ խուսափելով այդ թեմայից, գուցե առաջնորդվել է ռազմական և տնտեսական շահերով, սակայն այժմ կարող է փոխել իր դիրքորոշումն ու այդ հարցում հետևել ԱՄՆ նախագահին»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը:

3885 | 0
Facebook