Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե հեռացվում, քաղվում է ծաղիկը, ապա տվյալ բույսը սերմ չի տալիս ու չի տարածվում». Թամար Գալստյան

02:08, չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
«Եթե հեռացվում, քաղվում է ծաղիկը, ապա տվյալ բույսը սերմ չի տալիս ու չի տարածվում». Թամար Գալստյան

Բնապահպան Թամար Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ հրապարակված մի նկար տեսա խմբերից մեկում: Աղջկա ձեռք էր, որ պահում էր նոր պոկած կովկասյան արքայածաղիկների մի մեծ փունջ: Հաշվեցի մոտավորապես 30-35 ծաղիկ:
     Կան բույսեր, որոնք մի արմատից ունենում են մի քանի ցողուններ, սակայն այս չնաշխարհիկ բույսը միայնակ ցողուն է ունենում: Այսինքն, աղջիկներից միայն մեկը պոկել էր մոտ երեսուն առանձնյակ, երեսուն բույս:
     Արքայածաղիկները սոխուկավոր բույսեր են: Սոխուկները հողում պահպանվում են, և շատ հաճախ մայր սոխուկի մեջ հասունանում են նոր սոխուկներ, որոնք էլ շարունակում են բույսի կյանքը: Սակայն, ինչպես ցանկացած ծաղկող բույս, արքայածաղիկները ևս փոշոտվում են ու սերմ տալիս: Հետագայում սերմնատուփիկը բացվում է ու սերմերը տարածվում են այլ վայրերում: Այսինքն, սերմերի միջոցով է բույսը տարածվում: Եթե հեռացվում, քաղվում է ծաղիկը, ապա տվյալ բույսը սերմ չի տալիս ու չի տարածվում:
     Սա՝ էդ ցավոտ հարցի կենսաբանական կողմի մասին:
     Բնություն գնալիս մենք ներխուժում ենք մի կենսամիջավայր, որտեղ ապրում, հասունանում ու բազմանում են բույսերը, միջատները, սողունները, թռչունները և այլն: Մտնելով այդ միջավայրը, տրորելով, ոչնչացնելով, աղբ թափելով, բույսերը պոկելով՝ մենք խախտում ենք այդ միջավայրի կենսագործունեությունը:
     Հետո ի՞նչ, որ բույսերը կպած են հողին ու չեն կարող մեզանից փախչել թռչունների կամ թիթեռնեի նման: Ուրեմն, պետք է պոկել ու վնասե՞լ:
     Հիմա՝ հարցի բարոյական կողմի մասին:
     Կուզեի՞ք, ձեր տուն մտած հյուրն իրեն ամբարտավան ու փնթի պահեր: Վիրավորեր ձեզ, վնասեր ու ինքնագոհ հեռանար: Հաստատ չէիք ուզի:
     Նկարում տեսնում եք, թե ինչպես են աճում արքայածաղիկները: Մի փունջ հավաքելու համար հատիկ-հատիկ պետք է պոկել բազմաթիվ էսպիսի ծաղիկներ: Իսկ պոկած ծաղիկները առավելը մի ժամից անպետք աղբ կդառնան ու կշպրտվեն աղբանոց:
     Ասացեք խնդրեմ, ո՞րն է պոկելու իմաստը»:

4169 | 0
Facebook