Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել

16:12, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
ԵՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել

Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո իշխանությունները, ակնհայտ բացասական դիրքորոշում որդեգրելով Երևանի պետական համալսարանի նկատմամբ, ձեռնարկեցին մինչև օրս շարունակվող գործընթացներ, որոնք էական, շատ դեպքում անդառնալի վնաս են հասցնում Մայր բուհի հեղինակությանը` վտանգելով նրա բնականոն գործունեությունը։ Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ մինչ օրս բացառապես Մայր բուհի կոլեկտիվի, համալսարանականների ջանքերի շնորհիվ այն ամբողջապես չի խաթարվել:

ԵՊՀ-ի դեմ իշխանությունների բացասական մոտեցման բարձրակետը համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի հետ կապված ոդիսականն է, որը շարունակվում է արդեն մեկ տարուց ավելի: Իսկ օրերս Հոգաբարձուների խորհրդի 15 անդամներ, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ էին նշանակվել կառավարության և լիազոր մարմնի կողմից, բացահայտ արհամարհական և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով Մայր բուհի նկատմամբ, «տարօրինակ» զուգադիպությամբ, ըստ ամենայնի ղեկավարվելով մեկ կենտրոնից, 1-2 օրվա ընթացքում խորհրդից դուրս գալու դիմումներ են գրել: Դրա հետևանքով այսօր Հոգաբարձուների խորհուրդը փաստացի զրկվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի իր գործառույթը լիարժեք իրականացնելու հնարավորությունից, ինչի ամենացայտուն դրսևորումը շուրջ երկու տարի ռեկտորի ընտրության հարցի արհեստական ձգձգումն է: Լիազոր մարմնի ղեկավարն այսքանից հետո ոչ միայն չի դատապարտում վերջիններիս վարքագիծը, այլև մտացածին, մանիպուլյատիվ պատճառաբանությամբ արդարացնում է այն` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատանքները խաթարելու մեղքը անհիմն բարդելով խորհրդի համալսարանական որոշ անդամների վրա, ակնհայտորեն գերազանցելով իր լիազորությունները` ոլորտի ղեկավարին ոչ հարիր արտահայտություններով, սպառնում է վերջիններիս «գրեթե» քրեական հետապնդմամբ: Իրականում, եթե խորհրդի վերոհիշյալ անդամները մտահոգված էին խորհրդի կողմից ընդունված որոշման «խեղաթյուրման» փաստով, ապա պարզ տրամաբանությունը հուշում է ներկայանալ նիստին, հիմնավորել խախտման փաստը, պահանջել ուղղել թույլ տրված սխալը, պատժել մեղավորներին՝ դրանով իսկ չխաթարելով խորհրդի բնականոն գործունեությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԵՊՀ գիտական խորհուրդը դատապարտում է իշխանությունների և նրա առանձին ներկայացուցիչների նման գործելաոճը, այն համարում անընդունելի և պահանջում լիազոր մարմնից դադարեցնել ապակառուցողական գործունեությունը, վերջապես գիտակցել իր պատասխանատվությունը Մայր բուհի նկատմամբ և անհապաղ ձեռնարկել իր գործառույթներից բխող անհրաժեշտ քայլեր:

Ընդունվել է ԵՊՀ գիտական խորհրդի 23.04.2021թ. արտահերթ նիստում՝ 46 կողմ, 9 դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

| | |
1569 | 0
Facebook