Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.

Միջազգային

Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ամերիկյան ԶԼՄ-ներ

10:52, հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ.
Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ամերիկյան ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը The New York Times-ին հայտնել է, որ Հայոց ցեղասպանության մասին Բայդենը կխոսի ոճրագործության 106-րդ տարելիցի իր ուղերձում: «Ներքին քննարկումներին լավատեղյակ պաշտոնյաները հայտնում են, որ նախագահ Բայդենը պատրաստվում է հայտարարել՝ կոտորածները ցեղասպանական գործողություն են եղել: Այս քայլը կազդարարի, որ ԱՄՆ հավատարմությունը մարդու իրավունքներին գերակա է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները ռիսկի ենթարկելու հեռանկարին»,- գրում է պարբերականը:

Ամերիկյան CNN-ի անանուն երկու աղբյուրներ ևս տեղեկացրել են, որ Բայդենը պաշտոնական հայտարարության մեջ ճանաչելու է ցեղասպանությունը: «Խնդրին քաջատեղյակ երրորդ աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաները նաև ազդանշաններ են ուղարկել վարչակազմից դուրս գտնվող դաշնակիցներին, ովքեր պահանջում էին նախագահից պաշտնական հայտարարություն՝ հայտնելով, որ նախագահը ճանաչելու է ցեղասպանությունը»,- գրում է CNN-ը:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին հայտնել է, որ վարչակազմն այս մասին ասելիք կունենա հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին: CNN-ը հիշեցրել է, որ նախագահի թեկնածու Բայդենը խոստացել էր հավատարիմ մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնառությանը:

«Ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհում տեղի են ունենում ոգեկոչման արարողություններ, իր հայտարարության մեջ Բայդենն ամենայն հավանականությամբ օգտագործելու է «ցեղասպանություն» եզրույթը»,- Reuters-ին ասել է լավատեղյակ աղբյուրը:

| | |
4098 | 0
Facebook