Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահմանամերձ կամ բարձրլեռնային դպրոցներում աշխատելու հնարավորություն․ առկա է 189 թափուր տեղ

13:24, չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ.
Սահմանամերձ կամ բարձրլեռնային դպրոցներում աշխատելու հնարավորություն․ առկա է 189 թափուր տեղ

2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգով նախատեսված է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի և վարի գործուղվող մասնագետների շտեմարան:

Այդ նպատակով կրթության կառավարման միասնական տեղեկատվական հարթակում գործարկվել է kadrer.emis.am կայքը, որտեղ մարզպետարանները ներկայացնում են իրենց մարզում առկա մանկավարժների պահանջարկը: Շտեմարանում այս պահին գրանցված է ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում առկա 189 ուսուցչի թափուր տեղ: Առցանց հարթակում նշված է մարզը, բնակավայրը, դպրոցը, առարկայի անվանումը, թափուր ժամերի քանակը և դրան համապատասխան վարձատրության չափը, ուսումնական հաստատության հետ կապ հաստատելու կոնտակտային տվյալները և այլն:

Նշված բնակավայրերում աշխատելու ցանկություն ունեցող մասնագետները, եթե նրանք բավարարում են ուսուցչի որակավորման սահմանված չափանիշներին, կարող են առցանց գրանցվել` նշելով նախընտրելի դպրոցը և մասնագիտությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` սահմանամերձ բնակավայրերում այժմ աշխատում են նախկին կարգով` ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ գործուղված մոտ 240 մանկավարժներ: Նրանց հետ կնքված պայմանագրերն իրենց ուժը կպահպանեն մինչև 2020-2021 թթ. ուսումնական տարվա ավարտը։

Նախորդի համեմատ՝ գործուղման նոր կարգով սոցիալական մի շարք բարելավումներ են նախատեսվում. մասնավորապես գործուղված ուսուցիչները 30 տոկոս աշխատավարձի հավելավճար կստանան: Բացի դրանից` կհատկացվի 8.000-50.000 դրամ գույքի տեղափոխման գումար (նախկինում հատկացվել է 15․000 դրամ): Առաջարկվում է նաև բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի 10.000-ից 33.000 դրամի չափով (նախկինում հատկացվել է ամսական 10.000 դրամ), տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու տրանսպորտային ծախս, ինչպես նաև կոմունալ ծախսերի գումար` ամսական 10.200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության և այլ ծախսեր` ամսական 5.000 դրամ):

Վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

Մանրամասները՝ այստեղ:

1862 | 0
Facebook